ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էմինը և Նարեկը մեկ տարի է՝ Նիդերլանդներից վերադարձել ու բնակվում են Հայաստանում:
Փոքր տարիքում ծնողների հետ արտագաղթելով Իրանից և Հայաստանից՝ երկուսն էլ մեծացել են Եվրոպայի արևմուտքում. շուրջ երկու տասնամյակ անց պիտի իմանային ՀՀ Կառավարության «ներՈւժ» ծրագրի մասին, հավատային, դիմեին, գային ու հաղթեին:
Հիմա նրանց աշխատանքային հասցեն Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն է (Մերգելյան ինստիտուտ). իրենց ստեղծած Storegear (https://www.storegear.nl/) հավելվածն այժմ լայն տարածում ունի Նիդերլանդներում, օրինակ, DHL բեռնափոխադրող ընկերությունը նրանց մշտական հաճախորդն է:
Հավելվածն աշխատում է այլ երկրներում, իսկ գաղափարները ծնվում ու գեներացվում են երևանյան գրասենյակում, որն օր-օրի ընդլայնվում է. տղաներն անկեղծանում են՝ իրենց ստարտափն արդեն իսկ հաջողության պատմություն է, ստեղծել են ինքնաբավ կազմակերպություն, որն այլևս ֆինանսավորման կարիք չունի»,- գրել է Հայրապետյանը: