ԱԺ խոսնակ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Այսօր Հոդված 3֊ում քննարկում եղավ մարդու իրավունքների մասին։ Սա առիթ եղավ, որ վերընթերցեմ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Իմ պատկերացմամբ 70 տարի առաջ ստեղծված այս փաստաթուղթը ուղղակի հանճարեղ մտքի, շատ զգայական ու մարդկային խորը ապրումների արգասիք է։ Եվ այդպես էլ գրված է նախաբանում․ հռչակագիրը նախագծվեց որպես անմիջական արձագանք այն աղետների և բարբարոսությունների, որոնց զոհ էին դարձել աշխարհի ժողովուրդները։

Այդ ժողովուրդներից ենք նաև մենք, որ ենթարկվել ենք մարդկային խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների 1915 թվականին Արևմտյան Հայաստանում, 1990 թվականին Բաքվում, 1988 թվականին Սումգայիթում։ Հետևաբար մարդու իրավունքնրի հռչակագիրը ստեղծված է մեր և մեր պես ժողովուրդների փորձից, մեզ հետ պատահածից։ Ուրեմն մարդու իրավունքներն առաջնահերթորեն ու անմիջական կապ ունեն մեր հետ, մեր պատմական փորձի հետ։ Այն ոչ թե ՄԱԿ-ի կողմից գրված և մեզանից ու մեր կյանքից կտրված փաստաթուղթ է, այլ հենց մեր փորձն ու պատմությունն է հիմք եղել, որ այդ փաստաթուղթը ստեղծվի և տարածվի աշխարհում որպես մարդու արժանապատվության, ազատության և հավասարության երաշխիք։ Ուրեմն մենք, որպես ցեղասպանությունը վերապարած ժողովուրդ, այս հռչակագրի, մարդու իրավունքների դրոշակակիրն ենք ու նաև պետք է լինենք և կանք երաշխավորը։ 

Ավելին՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը ոչ միայն մեր փորձի հիման վրա է ստեղծվել, այլ նաև ինքնին մեր խնդիրների լուծումն է․ եթե մեր բոլոր քաղաքականությունների ու քննարկումների հիմքում դրված լինի մարդու իրավունքը՝ կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության, արդյունավետ արդարադատության և պաշտպանության, սեփականության, մտքի, խղճի, կրոնի ազատության, կրթության և այլ իրավունքներ, ապա մենք կունենաք իսկապես իրավական, իսկապես օրինակելի, իսկապես ուժեղ պետություն»: