Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ չի բացառում իր ակտիվ մասնակցությունը ընտրություններին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։
Նաև չեմ կարող անտեսել համապետական ընտրություններին իմ մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։
Մեկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը, և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի և, ըստ էության, չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին»։