«Քաղաքացու որոշում ՍԴԿ»–ի առաջնորդ Սուրեն Սահակյանը անդրադարձել է Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցին։
«Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցը կարճ ժամանակում լուծվեց։ Դրա համար բյուջեից ծախսվեց մոտ 100.000 ԱՄՆ դոլար։ Ծափահարություններ եղան, հարցը կարծես փակվեց, իսկ փորձագետների ձայնը լսելի չեղավ։ Իսկ ի՞նչ էին ասում փորձագետները։
Հարցի լուծմանը կառավարությունն անմիջապես է ձեռնմուխ եղել։ Տարբեր փորձագետների հետ զրույցները հանգում են հետևյալին․ Օդանավի թռիչքի արժեքի բաղադրիչներն են վառելիքը, օդանավակայանի սպասարկման գումարը, աէրոնավիգացիայի համար վճարվող գումարը, օդանավի շահագործման գումարը։ Ինձ հասած տեղեկություններով, «Զվարթնոց» օդանավակայանը համաձայնվել է սպասարկման վճար չվերցնել և թռչող օդանավը անվճար լիցքավորել վառելիքով։ Տեղական ավիաընկերությունները համաձայնվել են օդանավ տրամադրել։ Մնացել է վճարել Հուրգադայի օդանավակայանի սպասարկման վճարը եւ աէրոնավիգացիայի համար անհրաժեշտ գումարը։ Միասին սրանք չեն անցնում մոտ 15.000 ԱՄՆ դոլարը։ Բացի սա, Եգիպտոս չարտերային չվերթներ իրականացնող «Մարաթուկ», «Էյր թուր» և «Անրիվա» տուրիստական գործակալությունները համաձայնել են իրենց ազատ մնացած տեղերով անվճար Հայաստան բերել 120 ուղեւորի (մոտավորապես 40 հոգի յուրաքանչյուրը)։ Դրա փոխարեն 15 կամ առավելագույնը՝ 30.000 դոլարով լուծվող հարցը լուծվեց 100.000 դոլարով։ Եթե էս չափի մսխումը նախկին համակարգի ներկայացուցիչ աներ, նրան արդարացիորեն կգամեինք անարգանքի սյունին։ Խնդրով շահագրգիռ կամ ոլորտին որևէ առնչություն ունեցող բոլորը մի մեղավոր են մատնանշում՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյան ու ավելի բարձր պաշտոնյաներ, որոնց նա տարատեսակ խաբեություններով համոզել ա, որ ճիշտն դա է։ Նա այդ փողը չի գրպանել, վճարել է ինչ-որ օտարերկրյա կազմակերպության։ Կա՞ կոռուպցիա այստեղ, թե չէ, թող որեւէ քննություն պարզի։ Ես ենթադրում եմ՝ չկա։ Հարցն այստեղ կառավարության ծախսեր կատարելու տրամաբանությունն է ու պաշտոնյաների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոններին։
Ի դեպ, վերջին թռիչքը իրականացրել է վերոնշյալ սխեմայով՝ տեղական ավիափոխադրող «Տարոն ավիա»-ի միջոցով, որին պետությունը թռիչքի համար հատկացրել է ընդամենը 12.000 ԱՄՆ դոլար։ ՈՒշադրություն, երկու թռիչքին՝ 50.000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուրին, վերջինին՝ տեղական ավիափոխադրողի միջոցով՝ 12.000 ԱՄՆ դոլար։ Երբ ով չէր ալարում քննադատում էր «սիրուն աղջկան», բան չէինք ասում, բայց նա արդեն չափերն անցնում է ոչ միայն սրանով, այլ կառավարության ներկայացրած ավիացիայի հայեցակարգի դեմ քայլեր իրականցնելով։ Թերևս պետք է շնորհակալություն հայտնել արդեն կատարված աշխատանքի համար ու հրաժարվել նրա հետագա ծառայություններից՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»։