Ինչո՞ւ են խախտվում ՀՀ օրենքները
Հարգելի պարոն Պապիկյան,
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ համայնքներում հերթական և արտահերթ ընտրությունների նշանակման հետ կապված արձանագրվում են օրենսդրական պահանջների խախտումներ, իսկ որոշ դեպքերում այդ օրերը նշանակվում են այնպես, որ համայնքի ղեկավարի լիազորությունների ավարտի ու նոր ընտրությունների օրերի միջանկյալ ժամանակահատվածում նշանակվում են պաշտոնակատարներ, որոնց պաշտոնավարման ժամկետը (նշանակովի լինելով) բավականին տևական է լինում՝ ըստ էության բերելով ինքնակառավարման իրավունքի սահմանափակման։
ՀՀ օրենսդրության պահանջները չապահովելու վերջին օրինակներից է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների օր չնշանակելը։
Այսպես, ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 120-ը սահմանում է, որ
1. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
Հետևաբար, ընտրության օր պետք է նշանակվեր նախքան լիազորությունների ավարտի օրը։
Փարաքար համայնքի ղեկավարի լիազորություննրն ավարտվում են սեպտեմբերի 13-ին։ Ուստի, մարզպետը համայնքի ղեկավարի հերթական ընտրության օր պետք է նշանակեր հունիսի 9-ը, ինչը չի արվել՝ խախտելով ՀՀ սահմանադրական օրենքը։
Ավելին, ընտրությունների օր չի նշանակվել նաև սեպտեմբերի 29-ին՝ արհեստականորեն ստեղծելով համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու իրավիճակ։
Այս երեևույթը զուգակցվում է մեկ այլ խախտմամբ, երբ մարզպետի որոշումները օրենքի պահանջին համապատասխան չեն հրապարակվում։
Եթե շատ մարզպետարաններ պատշաճ մակարդակով ապահովում են մարզպետների որոշումների հրապարակումը մարզպետարանների էջերում (օրինակ, Արարատ, Կոտայք և այլն), ապա Արմավիրի դեպքում կայքէջում չեք գտնի համայնքներում ընտրությունների նշանակելու մասին մարզպետի որոշումները՝ իրենց իրավական հետևանքներով (թիվ 209 որոշմանը հաջորդում է թիվ 292 որոշումը)։
Ակնկալում եմ Ձեր միջամտությունն այս հարցերում պատշաճ իրավական գործընթացները կազմակերպելու հարցում։
Էմին Երիցյան