Ուշադրությո’ւն. կերպարներն ու պատմությունն ամբողջությամբ հորինված են, ցանկացած համընկնում պատահականություն է
Մանուելը անթարթ նայում էր Սոնայի աչքերի մեջ ու գիտակցում հենց նոր կորցրած երջանկության ցավը: Այստեղ՝ Հայաստանում, կատալոնական փոքրիկ քաղաքից ժամանած երիտասարդը գտել էր իր կյանքի կեսին, որին լքելու էր մի քանի ժամից:
Մանուելը միանգամից սիրահարվեց Սոնային, երբ բերքահավաքի ժամանակ խաղողի թփերի արանքից տեսավ կռացած աղջկա կուրծքը, որ անփութորեն բացվել էր նրա շարժումներից և լսեց նրա ձայնը, որ երգում էր ”Սոնա յարի” մեղմ հնչյունները:
Մի քանի րոպե անց Սոնան մոտեցավ անծանոթ արտասահմանցուն և հայերերնով խաղողի ճյութերը կտրելու մկրատն ուզեց: Մանուելը ժպտաց, իսպաներենով ինչ-որ բան ասաց ու սկսեց անթարթ նայել նրան՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա՝ բաժանման պահին:
Մինչ Հայաստան գալը, Մանուելն անխռով, անբան ու գոռոզ երիտասարդ էր, ով թեև կրթություն չուներ, բայց աշխատասիրություն, հմայք ու գեղեցկություն՝ որքան ասես: Հայաստանում Մանուելը միանգամից փոխվեց՝ հենց որ հանդիպեց Սոնային:
Այնտեղ՝ Կատալոնիայում, Մանուելն ութ սիրուհի ուներ: Նրանցից ամենամփարթամն ու տարեցը, որի անունը Լոռա էր, 58 տարեկան էր, ամենաերիտասարդը՝ Սառան, 17:
Զարմանալիորեն Մանուելի բոլոր կանանց անունները բաղկացած էին ընդամենը 4 տառից: Երբ Մանուելի ընկերը մի անգամ ակնարկեց այս մասին, Մանուելը դեմքի շատ լուրջ արտահայտությամբ ասաց՝ ”Չորս տառանի անուններն ավելի շուտ եմ հիշում, մյուսներին խառնում եմ”:
Մանուելի ընկերը, որ մինչ այդ անհաջողություն էր ունեցել միաժամանակ սիրային կապի մեջ լինել Մարիա Էսմերալդա և Մարիա Թեոդորա անունով կանանց հետ, մտաբերելով նրանց անունները չհիշելու և խառնելու իր սովորությունը և դրանից բխող տհաճ հետևանքները, Մանուելի ասածն ընդունեց ի գիտություն և սկսեց 4 տառանի անուններով սիրուհիներ փնտրել:
Լանան Մանուելի առաջին սերն էր: Նրան էր Մանուելն առաջին անգամ տիրացել, դրա համար էլ՝ չէր կարողանում մոռանալ: Այդ ժամանակ Մանուելը 15 տարեկան պատանի էր, և գիշերը մտել էր Լանայի տուն՝ ձու գողանալու, բայց դրա փոխարեն՝ գողացավ Լանայի սիրտը: Այդ օրվանից անցել էր ուղիղ 10 տարի: Լանան, թեև 40 տարեկան էր, բայց արդեն պառավել էր և այլևս չէր գայթակղում Մանուելին այնպես, ինչպես դա արել էր 30 տարեկանում:
Էմման Մանուելի թվով երկրորդ սիրուհին էր, որի հետ ծանոթացել էր 18 տարեկանում՝ բացօթյա տոնավաճառի ժամանակ:
”Մարակույա գնեք, սենյոր”,-կիսաձայն ասել էր աղջիկը, երբ Մանուելն անտարբեր անցել էր նրա կողքով:
”Իհարկե, ինչպե՞ս կարող եմ մերժել ձեր նման գեղեցկուհուն”,- իրեն հատուկ ոճով շտապել էր շողոքորթել Մանուելն ու միանգամից մտել աղջկա սիրտը:
Լուլուն ամուսնացած կին էր: Ունենալով հարբեցող և ծեծող ամուսին՝ իր դժբախտությունը թաղում էր Մանուելի գրկում՝ երբեք էլ նրանից սեր չակնկալելով. Մանուելն ի վիճակի չէր սիրել ոչ մի կնոջ:
Կանանց այս շքերթում Նինան միակն էր, ով հասակակից էր Մանուելին: Նրանք նույն դպրոցում էին սովորել: Մանուելը Նինային տարել էր ընկերոջ քթի տակից, երբ վերջինս ավարտական երեկոյի օրը պատրաստվում էր ամուսնության առաջարկություն անել նրան:
Սոֆին Մանուելի հաղթանակն էր: Քաղաքապետի հարսն էր: Մանուելը ընկերների մոտ գլուխ էր գովացել, որ որևէ կին, անգամ՝ ազնվական տոհմից, ի զորու չէ մերժել իրեն, ընկերներն էլ պահանջել էին ապացուցել: Ապացուցել էր, դեռ մի բան էլ՝ ավելի: Հղիացրել էր Սոֆիին: Երեխան, որի հայրությունը խորամանկ կինը ”բարդել էր” ամուսնու վրա, թերհաս էր ծնվել և ապրեց ուղիղ յոթ օր:
Ադելը Մանուելի ութ կանանցից ամենատգեղն էր, ամենաբարձրահասակն ու անհրապույրը: Մանուելը նրան սիրահետելու իր պատճառներն ուներ: Ադելը այն խաղողի այգիների սեփականատիրոջ դուստրն էր, որտեղ աշխատում էր Մանուելը: Աղջկա շնորհիվ Մանուելն իրեն խաղողի այգիների տեր ու տիրակալ էր զգում: Գնում էր դաշտ՝ երբ իրեն հարմար էր, բղավում էր աշխատողների վրա, ինքնագլուխ որոշումներ կայացնում ու կարգադրություններ անում:
17-ամյա Սառան այս կանանց մեջ ամենանմեղն ու միամիտն էր և կարծում էր, որ իր և Մանուելի միջև տեղի ունեցողը լոկ սեր է: Մանուելն առաջինն էր տիրացել նրան, դրա համար էլ աղջիկը չէր կարողանում մոռանալ նրան:
Ինչ վերաբերում է Լառային, ապա 58-ամյա այս կնոջը, որ դեռ չէր կորցրել իր գեղեցկությունը, Մանուելը տեսել էր քաղաքի հասարակաց տներից մեկի շքամուտքի մոտ, բայց քանի որ գումար չուներ նրա հետ նույն անկողնում հայտնվելու համար, որոշեց սիրահետել նրան և տիրանալ ”անվճար”: Ուղիղ 6 ամիս պահաջվեց 25-ամյա այս մաչոյին, որ մինչ այդ չէր մերժվել որևէ կնոջ կողմից, որպեսզի վերջնականապես մտնի Լառայի սիրտն ու ստանա այն, ինչի համար օրերով չէր քնում, չէր ուտում և թաքուն արտասվում էր պարտված լինելու տխուր զգացողությունից:
Շուտով Մանուելի համբավը տարածվեց ողջ Կատալոնիայով մեկ: Անհաջողակ ու անինքնավստահ տղամարդիկ վախենում էին իրենց կանանց միայնակ թողնել անգամ տանը: Հայրերը հանում էին դուստրերին վարժարաններից ու փակի տակ պահում: Նշանվածներն արագ ամուսնանում էին, չնշանվածները՝ միանգամից ամուսնանում: Նրա կողքով անցնելիս պառավները անեծքների շարան էին տեղում, կանայք՝ աչքով անում, ջահել աղջիկները՝ ուշագնաց լինում:
Միայն այդ տարի քաղաքում ծնված 100 տղայից 60-ին անվանեցին Մանուել: Եվ այդ ժամանակ Մանուելի ընկերների նախանձը զարթնեց, ու քաղաքապետի ականջին հասավ հարսի դավաճանությունը:
Հուլիսյան մի տոթ գիշեր քաղաքապետի տղան իր 10 հոգանոց թիկնապահներով արդեն մոտեցել էր Մանուելի տան դռներին, երբ վերջինս առաջին պատահած մեքենայով դուրս էր եկել Կատալոնիայից:
Մադրիդում կատալոնացի այս տղան, բացի մորեղբոր որդուց, ուրիշ ոչ ոք չուներ: Նրան տեսել էր մեկ անգամ՝ 13 տարեկանում, բայց մտապահել էր դեմքը՝ քթի վրայի հսկայական խալի շնորհիվ: Երեք օր պահանջվեց Մանուելին՝ մինչև կարողացավ գտնել նրան:
Նաչոն 40-ին մոտ տղամարդ էր, ով բացի փայլուն աշխատանքից, դիրքից և ունեցվածքից ուրիշ ոչինչ չուներ…Ո’չ ընկերներ, ո’չ երեխաներ, ո’չ կին…ոչ էլ՝ սիրուհի: Ծնողները շատ շուտ էին մահացել՝ թողնելով 16-ամյա երեխային բախտի քմահաճույքին, ու բախտը, ինչպես նաև նրա աշխատասիրությունն ու եռանդը, ժպտացել էին, ինչպես ոչ ոքի այս աշխարհում:
Նաչոն գինեգործությամբ էր զբաղվում: Հայաստանից ներմուծում էր կարմիր գինու հումքն ու շշալցնում: Թեև հարուստ էր անսահման, բայց յուրաքանչյուր պեսո ծախսելիս տխրում էր և օրերով հաց չէր ուտում: Երբ Մանուելը սկսեց կամաց-կամաց դատարկել նրա դրամապանակը, Նաչոն հասկացավ, որ նրանից ազատվել է պետք: Եվ ազատվել այնպես, որ հետքն անգամ չերևա: Այդ ժամանակ Նաչոյի գլխում միտք ծագեց հեռացել նրան Իսպանիայից, ուղարկել մի այնպիսի տեղ, ուր Մանուելն իր ուժերով, խելքով ու աշխատասիրությամբ կվաստակեր իր օրվա հացը:
Օգոստոսյան մի առավոտ Նաչոն արթնացրեց Մանուելին, քարտեզի վրա նշեց Հայաստանի տեղը, տվեց նախօրոք գնած տոմսը, խնամքով դասավորած ճամպրուկն ու ուղարկեց Հայաստան՝ խաղողի այգիներում աշխատելու:
Հայաստանում Մանուելը տեսավ այն, ինչ չէր տեսել ո’չ Կատալոնիայում, ո’չ Իսպանիայում: Մանուելը տեսավ հոգատարություն, խնամք ու ջերմություն հասարակ մարդկանց կողմից, որոնց օրվա ապրուստի չափը որոշվում էր այդ օրը հավաքած խաղողի կիլոգրամներով: Տեսավ, թե մշտապես լավաշով ու պանիրով աշխատանքն ընդմիջող այդ մարդիկ ինչ ուրախությամբ էին հյուրասիրում իրեն: Հիշեց Նաչոյին: Նրա տունը, նրա սառնարանն ու մտքում շնորհակալություն հայտնեց նրան Հայաստան ուղարկելու համար: Բայց ամենակարևորը, ինչը զգաց ու ապրեց այս տղան, սերն էր…Իրական, նուրբ ու քնքուշ: Մանուելը հիշեց Կատալոնիայում թողած իր ութ սիրուհիներին, մի պահ զզվանք ապրեց, բայց ոչ թե նրանցից, այլ՝ ինքն իրենից, իր ապրած կյանքից: Որքան հասարակ էր Սոնան, նրա առօրյան: Կատալոնացի ութ կանանց հետ Սոնան մի ընդհանուր բան ուներ միայն՝ չորս տառանի անուն: Մնացած ամեն ինչ նորություն էր Մանուելի համար: Կյանքում առաջին անգամ Մանուելը սիրեց կնոջ՝ առանց նրան դիպչելու: Առաջին անգամ Մանուելը սիրահարվեց ոչ թե կանացի կրծքերին կամ ոտքերին, այլ հոգուն ու աչքերին, դրանցում տպված թախծին ու հեզությանը…
Հիմա Մանուելն ու Սոնան կանգնած են դեմ դիմաց: Սպասում են քաղաք գնացող մեքենային, որն օդանավակայան տանող ճանապարհով ընդմիշտ կբաժանի նրանց: Բերքահավաքն ավարտվել էր:
-Te amo, Sonita*,-իսպաներենով գրեթե գոռաց Մանուելը, ապա գրկեց նրան, ու աչքերի առաջ մի պահ երևաց այն տխուր պատկերը, որ գծագրել էր մտքում, երբ հասկացել էր, որ լքելու է Հայաստանն ընդմիշտ:
Քաղաքապետի հրահանգով բռնագրավել էին Մանուելի տունը, մորը փողոց շպրտել, իսկ հորը՝ կալանավորել՝ ազատելու դիմաց պահանջելով նրա վերադարձը:
Երբ քաղաք գնացող մեքենան մոտեցավ ասես քարացած զույգին, Սոնայի սիրտը կծկվեց, ավելի ամուր փաթաթվեց Մանուելին, բայց զսպեց արցունքները: Այլևս սոչինչ չասացին իրար: Քանի անգամ արդեն պայմանավորվել էին, որ Մանուելը գալու է Սոնայի հետևից: Ու թվում էր՝ որքան շատ կրկնեն նախադասությունն այդ, այնքան արագ այն իրականություն կդառնա:
Այնտեղ՝ իր հայրենիքում, Մանուելին լավագույն դեպքում բանտ էր սպառնում, վատագույն դեպքում՝ մահ: Ինչ էլ որ լիներ, կատալոնացի այս սրտակերը միայն մի բանից էր վախենում՝ չկարողանալ կատարել Սոնային տված խոստումը:
Նոյեմբերի 1-ին ոտք դնելով Կատալոնիա, Մանուելը սպանվեց քաղաքապետի որդու ձեռքով և թաղվեց խաղողի այգիներից ոչ շատ հեռու՝ չորացած բարդու տակ:
* Կատաոնիայում, բացի կատալոներենից, պետական լեզու է համարվում նաև իսպաներենը: