ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը․
«Գնահատում եմ Արփինե Հովհաննիսյանի՝ իր քաղաքական օպոնենտների բառամթերքի հաշվին սեփական ինքնաիրացման խնդիրը լուծելու արհեստավարժությունը: Եվ քանի որ ենթադրում եմ՝ համապատասխան թղթախաղին ավելի լավ եմ տիրապետում, քան հարգարժան տիկինը (իսկ գուցե՝ ոչ), ներողություն խնդրելով նույն ոճով պատասխանելու համար, այնուամենայնիվ, ասում եմ՝ «սրում եմ» Ձեր քոանշը, տիկի՛ն Հովհաննիսյան:
Քրեական դատավարության իրավունքի իմացության կապակցությամբ Ձեր ինքնավստահությունը մեղմելու համար մեջբերումներ եմ ներկայացնում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից, որը նախորդ արձագանքում չէր արվել՝ հույսով, որ գոնե կուսումնասիրեք դրանք՝ ժամ առաջ պատասխանին պատասխանելու մոլուցքով Ձեր հետևորդներին կրկին մոնիպուլյացիոն թակարդների մեջ գցելու փոխարեն:
Մասնավորապես՝ Թադևոս Գևորգյանի վերաբերյալ ԼԴ/0203/01/11 քրեական գործով որոշման 18-րդ կետում վճռաբեկ դատարանն արձանագրել է «(…) համաներման ակտի ընդունման հիմքով ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՉՀԱՐՈՒՑԵԼՈՒ, քրեական հետապնդում չիրականացնելու և հարուցված քրեական գործը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի լիազորության իրականացման համար անհրաժեշտ իմպերատիվ պահանջ է հանդիսանում անձի համաձայնությունը»։
Առավել հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նաև մեջբերված դիրքորոշման հիմնավորումը: Ինչպես նշվում է նույն որոշման 17-րդ կետում, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմք է, որի դեպքում թեև կատարված արարքն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ, սակայն համապատասխան համաներման ակտի առկայության պարագայում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Այլ կերպ՝ համաներման ակտի հիման վրա' անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, սակայն ձեռք չի բերում արդարացվածի կարգավիճակ՝ դրանից բխող հետևանքներով»։
Հարկ է նշել, որ այս հիմնավորումը հայեցակարգային է՝ կիրառելի նաև նույն դատավարական հետևանքները ենթադրող՝ վարույթը բացառող մեկ այլ՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքի դեպքում: Ինչպես վճռաբեկ դատարանն է նշում Կարեն Քյուփելյանի վերաբերյալ ԵԿԴ/0121/11/14 գործով որոշմամբ, «(…) ոչ ռեաբիլիտացիոն այս հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելու դեպքում ոչ թե փաստվում է նրա անմեղությունը, այլ վերջինիս մեղավորության հարցը մնում է չլուծված, այսինքն՝ անձը ձեռք չի բերում արդարացվածի կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով (անձը չի օգտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով երաշխավորված արդարացվածի բոլոր իրավունքներից), ուստիև չեն բացառվում բացասական բնույթ ունեցող որոշ սոցիալ-իրավական հետևանքների առաջացումը (վնասի հատուցման պարտականություն, հետագայում աշխատանքի անցնելու խոչընդոտներ և այլն): Հետևաբար նշված հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելն առանց վերջինիս դիրքորոշումը (համաձայնությունը կամ առարկությունը) պարզելու զրկում է նրան իր անմեղության ապացուցման, իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կարևորագույն իրավունքներից:
Եվրոպական իրավունքը վկայակոչող նախկին նախարարին չէր խանգարի իմանալ նաև, որ այդ հայեցակարգի հիմքը «քրեական մեղադրանք» հասկացության եվրոպական դատարանի մեկնաբանությունն է:
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է, որ «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է ընկալվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «մեղադրանք» հասկացությունը կարող է ընդհանուր ձևով բնորոշվել որպես իրավասու մարմնի կողմից անձին տրված պաշտոնական ծանուցում վերջինիս կողմից հանցանք կատարած լինելու կասկածի առկայության մասին: Դա կարող է տեղի ունենալ նախքան գործը դատարան ուղարկելը, օրինակ՝ անձին ձերբակալելու, վերջինիս պաշտոնապես մեղադրանք առաջադրելու կամ մինչդատական վարույթը սկսելու ժամանակ: Առանձին դեպքերում անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (տե՛ս Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004թ., հունվարի 20, կետ 98, Սալովն ընդդեմ Ուկրաինիայի (Salov v. Ukraine) գործով վճիռ, 2005թ., սեպտեմբերի 6, կետ 65, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Šubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ., հունվարի 18, կետ 62):
Իսկ վճռաբեկ դատարանը փաստում է, որ «(…)բոլոր այն դեպքերում, երբ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս հայտնի է ենթադրյալ հանցանք կատարած անձը և վերջինիս անունը հիշատակվում է վերոհիշյալ դատավարական փաստաթղթերում, այլ կերպ' փաստվում է համապատասխան անձի կողմից հանրորեն վտանգավոր արարքի կատարումը, ապա կարելի է արձանագրել մեղադրանքի' փաստացի քրեական հետապնդման առկայության մասին»:
Հետևաբար, ի գիտություն տիկին Արփինե Հովհաննիսյանի, համաներման ակտ ընդունված լինելու և վաղեմության ժամկետներն անցնած լինելու հիմքով քրեական հետապնդումը բացառելու համար անհրաժեշտ է ենթադրյալ հանցանք կատարած անձի համաձայնությունը, եթե նա հայտնի է: Այս կանոնը ուղղված է այդ անձի անմեղության կանխավարկածի պաշտպանությանը և պարտադիր է քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում չիրականացնելու և այն դադարեցնելու մասին որոշումներ կայացնելիս:
Վերջում մի քանի կարճ նկատառում:
1. Մասնագիտական էթիկայի սահմաններում բանավիճելն իրականում հաճելի է, տիկի՛ն Հովհաննիսյան, փորձեք, նաև առողջարար է, կօգնի հաղթահարել ներքին ջղայնությունն ու անթաքույց նյարդայնությունը:
2. Ես չգիտեմ՝ թե նախկին և թե ներկա սեփական քաղաքականացված իրավապաշտպանական Ձեր գործունեության թիկունքում այլոց դարանակալելու որքան փորձ ունեք, բայց խնդրում եմ ուրիշներին Ձեր արշինով չչափել:
3. Պատասխան տալու մասին կիսահաթաթայական դրամատիզմով զբաղվելը անհեռանկար է: Կարծում եմ՝ հասկանալի է, որ դրա մասին ո՛չ նախկինում ու ո՛չ էլ հիմա չմոռանալն է գլխավոր դատախազի հետ կապված առկա իրողությունների գրավականը:
4. Շնորհակալություն, որ Ձեր արձագանքով հաստատեցիք հարցազրույցի ընթացքում վառ դրսևորված այն իրողությունը, որ գլխավոր դատախազի ինստիտուտի վերաբերյալ կոնյուկտուրային ընկալումներ ունեք: Այո, տխուր է, շատ տխուր:
5. Երբեք չենք առաջնորդվել այն մոտեցմամբ, որ կան պետական մարմնի կողմից արձագանքելու ոչ արժանի անձինք: Բայց քանի որ Ձեզ նկատի ունենալով, կարծում եք, որ նախկին պաշտոնյաների հետ հարցարույցները, դրա ընթացքում հնչող հարցադրումներն ու պատասխանները դատախազության կողմից արձագանքելն ավելորդ ժամավաճառություն է, որը կարելի է ավելի լուրջ գործ անելու վրա ծախսել, հետայսու հարգելու ենք Ձեր այդ համոզմունքը:
Երբևէ ազատ ժամանակ միասին «Բլոտ» խաղալու սպասելիքով....