Արդարադատության նախարարությունից սպասումներն ավելի մասնագիտական դաշտում էին, քան քաղաքական՝ ավաղ…։
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վերաբերյալ: Արդարադատության նախարարությունը հետ չմնալով այսօրվա իշխանությանը բնորոշ վարքագծից՝ այլընտրանքային կարծիք ունեցողներին շտապեց մեղադրել Կոնվենցիայի գաղափարը դավադրաբար սխալ մեկնաբանելու մեջ:
Կարծում եմ, արդարադատության նախարարությունը պիտի ավելի շատ մասնագիտական և իրավական գնահատականներ հնչեցներ կոնվենցիայի վերաբերյալ, այլ ոչ թե փորձեր ուղղակի շատ պարզունակ ձևով քողարկել Կոնվենցիոն դրույթներ, որոնք այս օրերին հնչում են մասնագիտական շրջանակներում:
Նվազագույնը արդար չէ կանանց և տղամարդականց իրավահավասարության, կանանց նկատմամբ բռության կանխարգելման անհրաժեշտության շղարշով փաթաթել քննարկվող կոնվենցիայի ընդունումը: Նախարարությունը միտումնավոր շրջանցել է այնպիսի հիմնական հասկացություններ, որոնք Կոնվենցիայում համարվում են անկյունաքարային: Օրինակ՝ կնոջ և տղամարդու սոցիալական դերերի փոփոխություն, սոցիալական դերերի կարծրատիպային պատկերացում, սոցիալական սեռ և այլն:
ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Վստահեցնում եմ՝ ՀՀ ներպետական իրավական համակարգը, ի թիվս Սահմանադրության, արդեն իսկ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների բավարար են բռության բոլոր դեպքերին ու տեսակներին առանց սուբյեկտների տարանջատման իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու համար: Մեր օրենսդրությունը խտրական վերաբերմունքի որևէ դրսևորում չի պարունակում, բռնության որևէ ձև անպատիժ չի թողնում: Եվ ինչու՞ վավերացնել մի փաստաթուղթ, որի դրույթներն արդեն իսկ արտացոլված են մեր օրենսդրությամբ: Մի պարզ պատճառով՝ այս փաստաթուղթն անհրաժեշտ է լրիվ այլ նպատակով՝մեր արժեհամակարգի հիմնահատակ քայքայման:
Կոնվենցիայի վավերացման փոխարեն պետք է ճիշտ կիրառել առկա օրենքները, մասնավորապես, իրավապահ համակարգի աշխատակիցներին օժտել բավարար գիտելիքների մակարդակով օրենքի պատշաճ կիրառման համար, ներդնել մեխանիզմներ, որոնք կիրարկման անհրաժեշտ հիմքեր կստեղծեն բռնություններին համաչափ արձագանքելու և այդ թվում կանանց նկատմամբ բռնության դեպքերը նվազեցնելու համար:
Վստահ եմ Ստամբուլյան կոնվենցիան դրա հետ շատ քիչ առնչություն ունի:
Հ.Գ Ամեն օր պատերազմի սպառնալիքի տակ ապրող պետությունում չպետք է Ստամբուլյան կոնվենցիան առաջնային լինի։
Աննա Մկրտչյան