ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մարդու իրավունքների պաշտպանն այսօր փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի հրապարակման շրջանակներում անդրադարձ է կատարել նաև որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկային և, դրական գնահատելով նշված խափանման միջոցի ընտրության միջնորդությունների նվազման՝ վերջին շրջանում նկատվող միտումը, այնուամենայնիվ, դիտարկում է արել առ այն, որ դա ինստիտուցիոնալ հենքի չունի, պայմանավորված է քաղաքական փոփոխություններով, հետևաբար քաղաքական իրավիճակի նոր հնարավոր փոփոխության արդյունքում կարող է նաև կրկին հակառակ միտումն արձանագրվել:

Նախնական կալանքի պրակտիկայի փոփոխության և այն հատկապես ինստիտուցիոնալ ռելսերի վրա իրականացնելու խնդիրը գոնե վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից հռչակված բացարձակ առաջնահերություններից է: Հետևաբար չեմ կարող համաձայնվել հարգարժան օմբուդսմենի այս դիտարկման հետ և այն թողնել անարձագանք:

Նախ՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու, ինչպես նաև խափանման միջոց կալանավորման ժամկետների երկարաձգման միջնորդությունների քանակի նվազեցման և հատկապես հիմնավորվածության և որակի բարելավմանն ուղղված քայլերը ՀՀ գլխավոր դատախազությունն սկսել է դեռ երկու տարի առաջ: Եվ հատուկ այն նպատակով, որ բարեփոխումները չկրեն իրավիճակային և կարճաժամկետ բնույթ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ այս խափանման միջոցի կիրառման պրակտիկան ուսումնասիրվել է եվրոպական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի և ոչ միայն Հայաստանի դեմ գանգատներով կայացված որոշումների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ վեր հանելով բոլոր հիմանական խնդիրները:

Դրա արդյունքում, հատուկ բարեփոխման գործընթացը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու նպատակով, Գլխավոր դատախազի հանձնարարությամբ մշակվեցին և դատախազության կոլեգիայի որոշմամբ հաստատվեցին խափանման միջոց կալանքի ընտրության և կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունների ներկայացման անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները, որոնք վերաբերում էին միջնորդությունների պատճառաբանվածությանը, ներկայացվող միջնորդությունների փաստական հիմնավորվածությունն ապահովելու համար անհրաժեշտ դատավարական և օպերատիվ միջոցառումների իրականացմանը: Այդ ուղենիշները տրամադրվեցին նախաքննական մարմիններին՝ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին հանձնարարելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջնորդությունները կազմելիս դրանց պահպանմանը:

Բացի այդ, նույնիսկ քրեական դատավարության իրավակարգավորումների համեմատ ավելի առաջ անցնելով՝ դատախազության կոլեգիայի որոշման տեսք ստացավ ՀՀ գլխավոր դատախազի կողմից առաջարկված և կոլգիայի կողմից ընդունված այն իրավական դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործով խափանման միջոցի ընտրության միջնորդության՝ ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված կանոններին լիարժեք համապատասխանության ապահովման համատեքստում անհրաժեշտ է հատկապես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների պարագայում շեշտը դնել կալանքի հիմքերի ոչ թե հավանական կանխատեսելիության, այլ քրեական գործի նյութերով կալանքի հիմքերի մասին ռեալ փաստական տվյալների առկայության վրա: Եվ ներկայիս պրակտիկան մեծապես բխում է այս մոտեցումից:

Ավելին. կրկին նախնական կալանքի պրակտիկայի բարելավման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել, հանրային քննարկման է ներկայացրել, այնուհետև նաև ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որի նպատակն է, չսպասելով նոր քրեադատավարական օրենսգրքի՝ ուշացող ընդունմանը, հնարավորինս շուտ ներդնել այլընտրանքային այլ խափանման միջոցներ, մասնավորապես, տնային կալանքը, վարչական վերահսկողության հանձնելը, որոնք էականորեն կնպաստեն անազատության հետ կապված փախանման միջոցների կիրառման դեպքերի նվազմանը:

Այս քայլերի ու նախաձեռնությունների արդյունքում, ինչպես արդարացիորեն արձանագրում է Մարդու իրավունքների պաշտպանը, հետևողականորեն արձանագրվում է նախնական կալանքի միջնորոդությունների նվազման հստակ և անշեղ միտում, որի մասին դատախազությունը տեղեկացրել է պարբերաբար: Եվ այն հանգամանքը, որ նվազումը տեղի է ունենում ներկայացված միջնորդությունների բավարարման, իսկ որ շատ ավելի խոսուն է՝ դրանց դատական բողոքարկման դեպքերի նվազման ֆոնին, ուղղակի ապացույցն է այն բանի, որ դրական դինամիկան հենց ֆունդամենտալ, համակարգային բնույթ ունի՝ անկախ այն հանգամանքից, որ տեմպերը կարող են նաև մեզ չբավարարել:

Եվ վերջապես, ինքնին այն փաստը, որ այս բոլոր միջոցառումներն սկսվել են 2017թ. և նախնական կալանքի միջնորդությունների քանակական նվազման կայուն միտումները ևս սկսվել են 2017թ.-ից և շարունակվում են ներկայում, ուղղակի վկայությունն են այն իրողության, որ դրա հիմնական պատճառները ոչ թե կամ ոչ այնքան քաղաքական փոփոխություններն են, այլ իրականացված և իրականացվող հետևողական ու համառ աշխատանքները:

Ափսոսում եմ, որ հարգարժան օմբուդսմենը, այլ կարծիքի է, չնայած նրան, որ ՄԻՊ գրասենյակը ոչ միայն նախաձեռնված միջոցառումների մասին հընթացս լիարժեք տեղեկացվել է, այլև կատարված այդ նախաձեռնությունները, որպես կալանավորման պրակտիկայի բարելավմանը միտված քայլեր, արտացոլվել են ոչ միայն 2018, այլ նաև 2017թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումներում: (Տես՝ 2017թ. հաղորդման էջ 232-235, 2018թ. հաղորդում՝ էջ 312-316)»: