Որոշեցի կրկին անդրադառնալ բոլորիս հուզող Սևանա լճի թեմային։ Մինչև առողջապահության նախարարությունը զգուշացնում է, թե չի կարելի լողանալ ջրում, քանի որ ջրում աճող մամուռները վտանգավոր են, Գեղարքունիքի մարզպետը գնում է, լճում լողում և փիառվում՝ ցույց տալով, որ ջուրը մաքուր է, մարդիկ կարող են հանգիստ լողալ։
Եթե Սևանի ջուրը մաքուր է, մարդիկ հանգիստ լողանում են, և որևէ թունավորում կամ բողոք չկա ջրից այսքան ժամանակ, ապա այս զբոսաշրջային սեզոնին ովքե՞ր են կանգնած Սևանի դեմ հակաքարոզի ակունքներում։ Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում։
Առաջ Նիկոլ Փաշինյանն օրումեջ լայվ էր մտնում, պատասխանում ժողովրդի հարցերին, իսկ հիմա Սևանի շուրջ ստեղծված իրավիճակում ծպտուն չի հանում, այնինչ հանրությունն ակնկալում է իմանալ, թե անձամբ վարչապետն ինչպես է տեսնում լճի հետ կապված մեր ռազմավարությունը։
Վարչապետը զբաղված է ամեն ինչով՝ բացի հանրությանը հուզող հարցերին պատասխանելուց։ Եթե հարցը հանկարծ վերաբերեր արհեստականորեն օրակարգ բերված Ստամբուլյան կոնվենցիային, ապա վարչապետը ժամերով կխոսեր, իսկ Սևանի հարցի շուրջ քար լռություն է։