Փաստացի' անցյալի հետ համեմատության վախը երբեմն ավելի հզոր է գտնվում, քան ապագայի երազանքների ձգտումը․ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ համացանցից հեռացվել են նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը։
Գաբրիել Ղազարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ցավով պիտի տեղեկացնեմ, որ համացանցից հեռացվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը:
Նախարարության գործունեության շրջանում եղել են իրապես պատմական իրադարձություններ' հյուրընկալվել են մարզաշխարհի համաշխարհային լեգենդներ, տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ, ստորագրվել են փաստաթղթեր, ձեռք են բերվել բանավոր և գրավոր պայմանավորվածութուններ, որոնց փաստացի ապացույցները այսօր պարզապես անպատասխանատու կերպով ջնջվել են: Սպորտի ոլորտի մի ամբողջ ժամանակաշրջանի պատմությունը, փաստերը, լուսանկարների արխիվը վերացրել են:
Դա պատմություն էր, քանի որ որպես նախարար' իմ գործելաոճը զուրկ է եղել ինքնափիառից, ապագայի վերաբերյալ դատարկախոսության մոլուցքներից, և էջում տարիներ շարունակ լուսաբանվել են միայն արդեն կատարված մեծ քայլերը և իրակնացված աշխատանքների արդյունքները, առանց անձնական գովազդի և խոստումների, ուստի' ամեն առանձին հրապարակումն էր պատմական և նշանակալի:
Սա անբարոյականության դրսևորում է պետության հանդեպ, պետական ժառանգության միտումնավոր արժեզրկում և ինքնահաստատման էժանագին փորձ: Ուզում եք ոչնչացնել այն, ինչին իրականում պիտի ձգտեք առնվազն մոտենալ, լավագույն դեպքում շարունակել: Սակայն, երևի թե, հենց սույնի անհասանելիությունն է ստիպել դիմել նման մանկամիտ քայլի' մասնագիտական գիտելիքների բացակայությունը և ոլորտային բացարձակ անտեղիակությունը ծածկելու միտումով:
Սպորտը այն առանցքային ոլորտն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին, որով մեզ ճանաչում և հարգում են, որով մենք ուժեղ ենք և հզոր ֆիզիկապես և բարոյապես: Մեր մարզիկները ստիպում են անգամ մեր թշնամիներին պատվել հայոց եռագույնը և հիմնը: Նման պահերին հպարտանում ենք ազգովի, իսկ այդ պահի գինը գիտենք միայն մենք' սպորտաշխարհի ներկայացուցիչներս:
Ցավում եմ, որ տարիների քրտնաջան աշխատանքից, գործադրած ջանքերից, կրած զրկանքներից, հաղթահարած դժվարություններից և անհավանական հաջողություններ գրանցելուց հետո, ոլորտի ապագան փոխանցել եմ դեպի բացարձակ անորոշություն»: