Ն.Գ. կարևոր լրացումներով խմբագրում եմ նախորդ գրառումս այս օրերի պատկերն ամբողջացնելու համար։ Նշում եմ այս հարթակում ինձ ընկեր բոլոր համագյուղացիներին՝ վստահ լինելով՝ չեմ խախտում էթիկայի որևէ կանոն, քանի որ սա անձնական խնդիր չէ, այլ համագյուղական։ Բայց կարող եք հեռացնել նշումը, եթե համաձայն չեք :) կամ ավելացնել նոր նշումներ։
ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՏՎԵ՛Ք. Շուտով ՄԵԿ ԱՄԻՍ՝ ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ.
Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում արդեն շուրջ մեկ ամիս ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉԿԱ։ Խնդրին անմիջաբար առնչվող մարմինները՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, համայնքապետարանը, մարզպետարանը մինչ այս պահը խնդիրը ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՉԵՆ ՀԱՋՈՂԱՑՆՈՒՄ։ Չի ստացվում պարզել, թե ո՞րն է պատճառը, որ խմելու ջրի չափաբաժինը ՀԱՆԿԱՐԾ գյուղ չի մտնում։ Մեկ ամիս առաջ ջուր կար, հիմա՝ ոչ։ Ու դեռևս հայտնիչէ, թե ԱՅՍ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՏԱՊԻՆ երբ կվերականգնվի ջրամատակարարումը։ Իրական պատկերը ներկայացնելու համար մի քանի շեշտադրում. այս սեզոնին խմելու ջուր չունենալը, մեղմ ասած, անմարդկային, վայրենի իրականություն է։ Կեսօրին մինչև 40 աստիճան ու՝ ծիրանաքաղ, սեզոնային գյուղատնտեսական այլ գործեր, որոնցից է կախված գյուղացու ապրուստը, գոյատևելու հարցը հաճախ։ Մարդիկ դաշտից, գործից, սահմանում ծառայությունից վերադառնում են, ու լողանալ չի ստացվում (արտեզյան ևս չկա), հաց սարքել չի ստացվում, խմելու ջուրն առնում ենք։ Վիճակն ավելի ծայրահեղ է փոքր երեխաներ ունեցող ընտանիքներում։ Այս պատկերի ֆոնին ավելի քան նորմալ է, որ գյուղում արդեն լարվածություն կա։
Հարցին ոչ միայն լուծում չի տրվում, այլև հարցի նկատմաբ անհետևողական, մատերի արանքով նայելու, իրենց չվերաբերելու ակներև վերաբերմունք կա, անտարբերություն։ Ահավասիկ. ի պատասխան տասնյակ գյուղացիների զանգերի՝ «Վեոլիա ջուր»-ը հարցը բարդում է համայնքապետարանի վրա։ Մասնավորապես, ինչպես Արարատի մարզպետ Գ. Սարգսյանն է տեղեկացնում ֆեյսբուքյան իր արձագանքում, «Veolia ջրից մեզ հավաստիացնում են, որ սահմանված չափի ջրաքանակ է մատակարարվում օրվա կարգավորիչ ջրամբարից»,-մեջբերման ավարտը։ Սակայն իրականությանը սա չի համապատասխանում։ Մարզպետին կա՛մ «Վեոլիա ջուր»-ն է խաբում, կա՛մ համայնքապետարանը պատշաճ չի իրազեկում, որ արդեն տևական ժամանակ գյուղի մի հսկայական հատված իսպառ ՋՐԱԶՐԿՎԱԾ է՝ բառի ուղիղ նշանակությամբ։ Ոչ մի կաթիլ խմելու ջուր այս օրերին գյուղի մի մասին չի հասել։ Խնդրի շուրջ բարձրաձայնումների արդյունքում մարզպետ Գ. Սարգսյանը այցելել է գյուղ, հանդիպել գյուղացիների հետ, բայց հարցը մինչ այս պահը ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ. խմելու ջրի մատակարարումը բնականոն ընթացքին չի վերադարձել։ Դառնանք համայնքապետարանին։ Վերջին օրերին հարցի կարգավորման շուրջ ակտիվություն դրսևորվում էր միայն ֆեյսբուքյան հարթակում, այն էլ հետևյալ մոտեցմամբ՝ «Ձեր բողոքներն ու պահանջները ուղղեք ջրամատակարար կազմակերպությանը։ Լրացուցիչ տեղեկութան համար դիտեք տեսանյութը (youtube-ից հղում է դրվում, որ արդեն գրեթե մեկ ամիս խմելու ջուր չունեցող գյուղացին հղումը նայի ու ծարավը հագեցնի՝ Ա.Խ.).... Միայն Փոքր Վեդի համայնքում է համայնքապետի ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՆ համարվում բնակչի անձնական կյանքը ապրելակերպը նույնիսկ ճակատագիրը»,- մեջբերան ավարտը (մեջբերման ուղղագրությունը՝ օգտատիրոջ, մեջբերումն ամբողջովին է, կտրված չէ ենթատեքստից, այսինքն՝ անմիջականորեն վերաբերում է խմելու ջրի հարցին), գրել է համայնքապետարանի առաջատար մասնագետ Նելլի Սողոյանը։ Համայնքապետարանի մեկ այլ առաջատար մասնագետ՝ Արամ Խաչատրյանը, հորդորում է զանգահարել 080000185 հեռախոսահամարին և հարցի բարձրաձայնումը ընկալում որպես լավը չտեսնելու և թերագնահատելու քայլ։ Ահա համայնքապետարանի աշխատանքային մարզավիճակը կամ կարողությունը՝ խմելու ջուր չունենալը անձնական հարց է, իսկ դրա համար բողոքելը՝ վատատեսություն։ Եթե ռուսը կես օր մնար առանց ջրի, համայնքապետարանի ու պատկան մյուս մարմինների քթից կբերեր։
Բողոքների արդյունքում Երևանից ժամանած մասնագետների կողմից տարվում են աշխատանքներ. փորվում են տարբեր կետեր խափանումը և ջուր չլինելու պատճառը հայտնաբերելու համար, բայց առայժմ որևէ արդյունք չկա, աշխատատար ընթացք է։ Համագյուղացիներով փորձում ենք համագործակցել համայնքապետարանի հետ, ՄԵՆՔ ԵՆՔ առաջարկում գոնե ժամանակավոր, այլընտրանք լուծումներ մինչև կպարզվի՝ ինչու ջուրը գյուղ չի մտնում։ Սակայն արդեն 2 օր այդ փորձերն էլ զուր են, քանի որ համայնքապետարանի ուժերից վեր է գոնե ջրատար մեքենայով գյուղացիներին ջուր բաժանելու առաջարկը ՕՊԵՐԱՏԻՎ կարգավորելը, չի ստացվում։ Հարկ է շեշտել, որ համայնքապետարանի աշխատակիցների փողոցներում ջուր կա, գո՞ւցե հարցի նկատմամբ լուծումը դրա համա՞ր է դանդաղում։
Ամփոփելով և կարճ ասած՝ գյուղացին մնացել է առանց ԽՄԵԼՈՒ ՋՐԻ արդեն մեկ ամիս, Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ այս վիճակի համար Norik Martirosyan Garik Sargsyan Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Համագյուղացիներով սկսել ենք ինքնակազմակերպվել, հուսամ՝ արդյունքը շուտով։ Եթե պատկան մարմինները հարցի լուծումը տևական ժամանակ գոնե այլընտրանքային մոտեցմամբ չեն կարգավորում, գյուղացուն մնում է ինքնակազմակերպվել, բողոքել։ Խնդիրներ միշտ էլ կարող են ծագել, բայց լուծում է պետք, այլընտրանք և թեկուզ ժամանակավոր. չէ՞ որ հարցը կենսական նշանակություն ունի։
Ջուր տվե՛ք խմելու։
Արմինե Խաչիկյան
Փոքր Վեդու բնակիչ