ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ՖԲ էջում կատարել է հետեւյալ պարզաբանումը.

 

«Նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում դեռևս 2006թ. կատարված՝ Ազատության պողոտայի 26 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասի օտարման գործընթացի վերաբերյալ Երևան քաղաքի դատախազությունից ստացած գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված մեկնաբանությունները թյուրընկալումների տեղիք են տվել՝ կասկածներ հարուցելով այդ հողամասի օտարման օրինականությունը ուսումնասիրության առարկա դարձնելու, քրեադատավարական ընթացակարգերի հարուցման և դրա արդյունքում կայացված դատավարական որոշումների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության պատշաճության և իրավաչափության վերաբերյալ:


Այս իմաստով հարկ եմ համարում կատարել հետևյալ մի քանի ընդգծումները:


1. 2016թ. հենց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ է այդ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում էլ պարզվել է, որ այդ անշարժ գույքի օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, և հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի համաձայնության մասին որևէ որոշում չի կայացվել:
Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Եվ քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերևույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվել նախաքննություն:


2. Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է:


3. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավարական որոշումներն այդ գործով կայացվել են, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել: Այսինքն այդ որոշումները կայացվել են ՈՉ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով:


4. Քանի որ Երևան քաղաքի համայնքն է հանդիսանում թաղային համայնքների իրավահաջորդը և տվյալ դեպքում «տուժողը», Երևան քաղաքի դատախազությունը 30.05.2019թ. գրությամբ Երևանի քաղաքապետին առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետևանքները կիրառելու և գույքը Երևան համայնքին վերադարձնելու ուղղությամբ:


5. ՀՀ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իր լիազորությունը տվյալ դեպքում չէր կարող գործադրել, ինչի ակնկալիքը, դատելով քաղաքապետի մեկնաբանություններից, Երևանի քաղաքապետարանում ունեն, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դատախազը քաղաքացիական դատավարության կարգով հայց կարող է հարուցել միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ՊԵՏՈՒԹՅԱՆ գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը: Մինչդեռ տվյալ դեպքում ապօրինի օտարվածը ՀԱՄԱՅՆՔԻ սեփականությունն է հանդիսացել և հետևաբար պատշաճ հայցվոր է հանդիսանում հենց Երևանի քաղաքապետարանը:


6. Անհրաժեշտ եմ համարում իրազեկել, սակայն, որ վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատախազը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում նաև այնպիսի բացառիկ դեպքում, երբ իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում դա չի արել: Այդ դեպքում նաև կիրառվում են դատախազական ներգործության միջոցներ տեղական ինքնակառավարման մարմնի՝ հայց հարուցելու իրենց պարտականությունը չկատարած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»: