08:24
«Հիմա ոնց չասեմ, որ դուք հարուստներին և օլիգարխներին սպասարկող իշխանություն եք»

Մի բան ասեմ իրար հետ մտածենք, եթե ցանկություն ունեք թեթև ծանրաբեռնել ձեր միտքը: Հատկապես պատգամավորներին է վերաբերում գրածս:

Գաղտնիք չէ, որ շատ մեծ գույք ունեցողները բացառապես օլիգարխ-գործարարներն են կամ էլ ապօրինի հարստացած պետական ծառայողները, որոնք իրենց ապօրինի հարստությունը պահում են ավանդներում` վճարելով 10% եկամտային հարկ, կամ պետական պարտատոմսերում վճարելով 0% հարկ, կամ էլ տարբեր ընկերություններում բաժնետոմսերի տեսքով և դիվիդենտի համար վճարելով 5% եկամտային հարկ:

Տեսեք ինչումն է խնդիրը: Մեզ ասում են, որ համահարթեցմամբ նսեմացվող արդարությունը վերականգնելու են հարստություն հարկելով և հարստություն են դիտարկում միմիայն գույքը: Ստացվում է ինչ, այն օլիգարխը, որ ուներ բիզնեսներ, այսուհետ 20% շահութահարկի փոխարեն վճարելու է 18% տոկոս: Ստացվում է, նրա մոտ շատ մեծ չափի դրամական միջոցներ է պետությունը ավելացնում այս նոր հարկային օրենսգրքով: Այս <<նվեր>> փողերի դիմաց, և կոպեկներով հարկելով ֆինանսական կապիտալը (վերոնշյալ տոկոսադրուքներով) հարուստների հարստությունը բազմապատկվելու է:

Դրա դիմաց ասենք իր դղյակը թող թեկուզ քսան անգամ ավել հարկեն. Ինչպես դուք էիք ասում, ամենաթանկ գնահատված տունը, եթե չեմ սխալվում, տարին շուրջ 2 միլիոն դրամ հարկ է վճարում, հիմա թող վճարի 20 միլիոն, տո 40 միլիոն:

Եվ սրանով ինչպե՞ս ենք արդարություն վերականգնում:

Հիմա ոնց չասեմ, որ դուք հարուստներին և օլիգարխներին սպասարկող իշխանություն եք:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս