Տոտալիտարիզմի հիմքում շատ հաճախ ընկած է պոպուլիզմը։ Տիրանը հենվում է զանգվածի վրա։ Զանգվածը տեր է ման գալիս, իսկ տիրանը՝ հպատակներ։
Զանգվածն առերևույթ պայքարում է ազատության համար, բայց նրա ենթագիտակցական մղումը ստրկությունն է։
Զանգվածը նաև փոփոխական համակրանքներ ունի։ Տիրանը գիտի կամ զգում է, որ դա այդպես է։ Այդ իսկ պատճառով էլ տիրան–պոպուլիստները սկզբում հենվում են «ժողովրդի» վրա, իսկ հետո՝ ռեպրեսիվ ապարատի։
Պոպուլիստ ղեկավարի վերջին հանգրվանը բռնապետությունն է։ Սա քաղաքագիտական օրինաչափություն է։
Երբ պոպուլիստը կորցնում է «փողոցը», հենվում է ոստիկանության, դատախազության, սեփականաշնորհված դատարանների և մյուս գործիքների վրա։
Այդպես են ծնվում տոտալիտար ռեժիմները։
Հայաստանը տոտալիտար պետություն դառնալու ռեսուրս չունի, բայց այդպիսին դառնալու ձգտումն արդեն իսկ կարող է լրջորեն վնասել մեր երկրին։ Մենք հիմա այդ վնասները տեսնում ենք ամեն օր։ Վնասներ և՛ արտաքին, և՛ ներքին միջավայրում։
Տոտալիտար ռեժիմները նավթի ու գազի պաշարներ են պահանջում, ինչպես նաև գաղափարական հիմնավորումներ։ Մեզ մոտ չկա ո՛չ նավթը, ո՛չ գազը, ո՛չ գաղափարական հիմնավորումը։ Կա միայն իշխելու պաթոլոգիկ ցանկություն։ Նման ցանկություններն ի վերջո ավարտվում են մեկ «իզմով»՝ «կոռուպցիոնիզմ»–ով, քանզի գաղափարների բացակայության պայմաններում միակ գաղափար է դառնում իշխելն ու կուտակելը։
Բացի ներքին գործոններից, մեզանում տոտալիտարիզմի կառուցում հնարավոր չէ նաև արտաքին գործոնների պատճառով։ Հայաստանին տոտալիտար պետություն դառնալ չեն թույլ տա մեր հարևանները։ Պոպուլիզմի վրա հիմնված տոտալիտարիզմի կառուցման պարագայում մեզ մոտ շատ արագ տնտեսական փլուզումներ տեղի կունենան, ինչն իր ազդեցությունն անմիջապես կթողնի անվտանգության համակարգի վրա, ինչից կշտապեն օգտվել մեր թշնամիները։
Եվ այսպես, որքան էլ մեր տնաբույծ պոպուլիստը ցանկանա, պոպուլիզմ–տոտալիտարիզմ կառուցելը Հայաստանում չի ստացվելու, բայց նման համակարգ ստեղծելու փորձը հանգեցնելու է և արդեն իսկ հանգեցրել է ավերածությունների։ Սա երկար չի կարող շարունակվել։ Ու լավ կլինի, որ փոփոխությունը ներսից իրականացվի, այլ ոչ թե արտաքին ֆորսմաժորային զարգացումների արդյունքում։
Նոր Հայաստանը պոպուլիզմից զերծ պետք է լինի, հիմնվի փորձի ու երիտասարդության համադրության վրա և կառավարվի արդյունավետորեն։
Ուժը միասնության մեջ է։