Ֆեյսբուքյան օգտատերեր Արաքս Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Մասնավոր պարտեզ հաճախելու, մեղմ ասած, մերբխիստ անհաջող փորձը

Մի քանի օր քիչ ժամերով մեր 2-ամյա բալիկի հետ հաճախել ենք Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Տատա» մասնավոր պարտեզ, երեկ առաջին անգամ փորձեցինք երեխային թողնել պարտեզում ավելի երկար ժամանակով՝ 6-7 ժամ, այդ ընթացքում երեխայի խնամքով զբաղվող մասնագետները վստահեցրել են, որ երեխան հանգիստ է, դժվարությամբ, բայց քնել է։

Սակայն պարտեզում օրվա վերջում երեխայիս գտել եմ ճակատի տարբեր կողմերում երկու մեծ կապտուկով՝ այտուցված, կարմրակապտավուն երանգով, թշին կարմիր հետքերով, ծնկին քերծվածքով, բդիկի շրջանում կարմիր հետքերով ու սա մի քանի ժամվա ընթացքում, երբ ինձ վստահեցնում են, որ ամեն ինչ լավ է։

Ինձ ասացին, որ քնած ժամանակ երեխան գլուխը հարվածել է մանկական մահճակալին այն դեպքում, երբ մինչ այդ վստահեցնում էին նույնիսկ, որ մանկական ննջասենյակում երեխաները երբեք միայնակ չեն լինում, այնինչ մեր բալիկն ունի երկու մեծ կապտուկ ու այլ հետքեր թշի շրջանում, որոնք դժվար է պատկերացնել՝ ինչից են առաջացել։

Ուզում եմ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել մանկական խնամքի կենտրոնների, մասնավոր պարտեզների վրա, այն հարցի վրա, թե ովքեր են ստանում նման գործունեություն ծավալելու լիցենզիա, արդյոք ստանում են ընդհանրապես լիցենզիա, որքանով են նման կենտրոններում մեր երեխաներն անվտանգ և ով է ընդհանրապես պատասխանատու նման վայրերում մեր երեխաների անվտանգության համար, որովհետև նման անխիղճ անուշադրությունը երկու տարեկան բալիկի նկատմամբ անպատկերացնելի է։

Իսկ ծնողներին հորդորում եմ այս տարիքի երեխաներին վստահել կենտրոնների, որտեղ կա տեսահսկողություն, թեև մենք ուշադիր ծնողներ ենք և մեր ընտրությունը կատարել էինք երկար ուսումնասիրությունների արդյունքում։

 

Հ․Գ․ Ի սկզբանե հասկանում էինք նաև, որ երեխայի ադապտացիայի համար օրեր են պահանջվելու, կարող էինք հասկանալ նույնիսկ, որ քերծվածքներ ունենար կամ կապտուկ, բայց այսքանը շատ չե՞ն մեկ օրվա համար»։