Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ֆեյսբուքյան իմ ընկերների թվում հասկանալիորեն մեծ թիվ են կազմում Արցախում բնակվող օգտատերերը։ Եվ գրեթե բոլորը մեծ ոգևորությամբ նկարներ, տեսանյութեր, լուրեր, մտքեր են տարածում այս օրերին Արցախում անցկացվող ֆուտբոլի միջազգային առաջնության վերաբերյալ։
Այս աննախադեպ դրական էներգիան նաև տխուր կողմ ունի։ Մարդիկ կարիք ունեն իրենց զգալու աշխարհի սովորական մաս, ապրելու սովորական առօրյայով, մտածելու սովորական բաների մասին։
Մինչդեռ արդեն երեք տասնամյակ է՝ Արցախում «սովորական» չկա։ Միայն Արցախում ծնվելու, այնտեղ բնակվելու ուժով հազար ու մի միջազգային սահմանափակման ես ենթակա։ Քո հող այցելած, քո պետության հետ գործ բռնած օտարներն ինքնին այդ փաստով «գլխացավանքի» առիթ են ստեղծում իրենց համար։ Ինչ էլ չանես, ինչով էլ չզբաղվես՝ ինչ-որ «յոթերորդ զգայարան» ես ձևավորում ենթագիտակցությանդ մեջ, որը ռադիոընդունիչի պես անընդհատ լուրեր է որսում սահմանի մասին։
Ըստ իս, Արցախում պարզապես ֆուտբոլի տոն չէ։ Արցախում «սովորականի» տոնն է։ Այն գիտակցմամբ, որ «սովորականի» իրավունքը դեռ վերջնականապես չենք նվաճել ու դեռ պիտի նվաճենք։ Պարտավոր ենք նվաճել»: