Հազվագյուտ բացիկների իմ հավաքածուն հիմնականում բաղկացած է հայկական քաղաքներին ու եկեղեցիներին նվիրված թողարկումներից: Այդ շարքում իր ուրույն տեղն ունի հին Երևանի պատկերներով հարյուր և ավելի տարվա վաղեմություն ունեցող լուսանկար-բացիկների շարքը:
Դրանց մեջ իմ ամենասիրված բացիկն այս մեկն է, որի միջոցով հայ երիտասարդը նամակ է հղել թիֆլիսաբնակ իր սիրեցյալ Շուշանիկին: Նամակը գրված է 1908 թ. մայիսի 28-ին, այսինքն' 105 տարի առաջ: Երիտասարդ նշանածը գրում է. “…Ամբողջ օրը մտածում եմ քո մասին ու կարծես թե մի ուժ ձգում է ինձ դեպի տուն' ջանիս մոտ…”
Բացիկի դիմերեսին հին Երևանի տեսարանն է, ուր նշմարելի են բերդի պահպանված մնացորդները: Լուսանկարի տակ նամակագիրը գրում է. “Կգա մի օր, որ միասին կշրջինք այս քաղաքը”:
Այսօրվանից առաջարկում եմ պտույտ կատարել հին Երևանով, մտովի հաղորդակցվելով մեր սիրելի մայրաքաղաքի անցյալի հետ…

Հայկ Դեմոյան