01:22
Արա Վարդանյան. «Հարկային բեռի ավելացումն իրականում լուծելու է եկամուտների ապահովման հարցը, բայց, ցավոք, շատ կարճ ժամանակով»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն  Արա Վարդանյանը ֆեյսբուքում գրել է.

«Տնտեսական հեղափոխության մասին.

 

Շատ չխորանալով «հեղափոխություն» բառի անհամադրելիությանը տնտեսության հետ, քանզի շատերն են արդեն դրա մասին խոսացել, ցանկանում եմ կենտրոնանալ մեզ սպասվող փոփոխությունների վրա։
Գաղտնիք չէ, որ մոտակա ժամանակահատվածում կընդունվի հարկային փոփոխությունների փաթեթը։ Միաժամանակ հրապարակ է նետվել նաև գույքահարկի շեշտակի բարձրացման հարցը։ Շրջանառվում է մինչև 10 անգամ այդ հարկը բարձրացնելու հարցը։ Ոչ վաղ անցյալում ականատեսն էինք գազավորված խմիչքների և լոմբարդների աշխատակիցների բողոքի ակցիաներին, որոնց արդյունքում կառավարությունը գնած զիջումների և ժամանակավորապես հետաձգեց կիրառումը։
Շատ պարզ վերլուծությունը ցույց է տալի, որ հարկային բեռի ավելացումը իրականում լուծելու է եկամուտների ապահովման հարցը, բայց, ցավոք, շատ կարճ ժամանակով։ Պետք է շատ լուրջ քննարկման առարկա դարձնել հարկային (բոլոր տեսակի) բեռի ավելացման հետևանքները երկարատև ժամանակահատվածում։ Որպես օրինակ կենտրոնանանք գույքահարկի վրա։ Հայաստանում գործող սպասարկման ոլորտի բիզնեսների գերակշիռ մասը աշխատում են վարձակալական հիմունքներով տարածքներում։ Ակնհայտ է, որ գույքահարկի բարձրացման հետ մեկտեղ տարածքների սեփականատերերը բարձրացնելու են վարձակալության գինը։ Սա իր հերթին անկասկած բերելու է այդ ոլորտում գների բարձրացմանը, ինչը ամառվա ամիսներին կարող է լուրջ խնդիր չառաջացնի, քանզի այդ ամիսներին սպասարկման ոլորտը մեծապես աշխատում է զբոսաշրջիկների հոսքերի հաշվին։ Իսկ ձմռանը սկսվելու են խնդիրներ, քանի որ տեղական սպառողը պատրաստ չէ ծախսել ավել գումար։ Դրա արդյունքում ընկնելու է սպասարկման ոլորտի շրջանառությունը ինչը միանշանակ ազդելու է հարկահավաքի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը որ այդ ոլորտում գործող սուբյեկտները աշխատում են շրջանառության հարկով։ Գույքահարկի փոփոխությունը նաև բերելու է անշարժ գույքի շուկայում առաջարկի լուրջ ավելացմանը և որպես արդյունք գների նվազեցմանը, որն իր հերթին կարող է բացասական ազդեցություն ունենալ իրականացվող շինարարությունների վրա։ Պարզ ասած, կան շատ մարդիկ ովքեր դեռևս սովետական տարիներից ունեն բավականին մեծ հողակտորներ, առանձնատներ, բնակարաններ, բայց չեն համարվում կայուն եկամուտ ունեցող անձինք։ Այդ մարդկանց համար գույքահարկի շեշտակի բարձրացումը կարող է պատճառ դառնալ իրենց գուքը վաճառելու համար։ Ակնհայտ է, որ դրա պատճառով առաջանալու է բավականին մեծ առաջարկ անշարժ գույքի շուկայում, որն էլ իր հերթին անկասկած բերելու է գույքի գների նվազմանը։ Ստացվելու է, որ նորակառույց շենքում բնակարան առնելը լինելու է շեշտակի ավելի թանկ, քան այլ տեղերում, ինչը բերելու է շինարարական ոլորտի անկմանը։
Ընդհանրապես տնտեսությունը չի սիրում «հեղափոխական» փոփոխություններ, նմանատիպ փոփոխությունները պետք է իրագործել փուլային տարբերակով՝ ընթացքում լուրջ վերլուծելով փոփոխության արդյունքում տեղի ունեցող տենդենցները։
Նմանատիպ վերլուծություն կարելի է անել նաև բոլոր այլ հարկատեսակների համար։ Ակնյայտ է, որ լոմբարդների և վարկային կազմակերպությսւնների վճարի շեշտակի բարձրացումով շուկայում կառաջանա մենաշնորհ կամ կմնան շատ սահմանափակ խաղացողներ, ինչը իր հերթին բարձրացնելու է գործաղուրկների թիվը։
Ակցիզային հարկի բարձրացումը իր հերթին կարող է հանգեցնել շուկայում ինքնաքաշ օղիների վաճառքի կտրուկ աճին և ալկոհոլային խմիչքների ստվերային շուկայի ստեղծմանը։ Սրա արդյունքում ակնհայտ է, որ կրճատվելու են, թե՛ ներմուծումները, թե՛ արտադրության ծավալները։ Ասածս ինչ է, պետք է խորապես վերլուծել բոլոր փոփոխությսւնները և իրենց ազդեցությունը տնտեսության վրա, ոչ թէ մեկ տարվա այլ առնվազն 5 տարվա կտրվածքով»։




ՆՄԱՆ ՆՅՈՒԹԵՐ

Առաջարկում ենք նաև
Լրահոս