- Երեխաների խաղահրապարակի համար խնդրում ենք թույլ տալ ապամոնտաժել ցանկապատը: (քաղաքացիներ)
- Թույլ եմ տալիս ներկել երկնագույն: (թաղապետ)
«Զայչիկ»՝ սովետի ժամանակվա ֆիլմ
 
Մեր իրականությունն այն չէ, ինչ ներկայացնում է, ավելին՝ ինչ անձամբ պատկերացնում է ինքը՝ մեր հեղափոխության առաջնորդ Նիկոլը: Երկրի կառավարման, հատկապես ժողովրդի հետ անմիջական, ամենօրյա կապ ունեցող կառույցներ՝ մարզպետարաններ, քաղաքապետարաններ, թաղապետարաններ՝ գրեթե ամենուր, որպես առաջադեմ հեղափախականներ, որպես բարձր հոգեբարոյական արժեքների կրող իրենց ներկայացնողներ՝ սպրդել են մարդիկ, որոնց գործունեությունը կարծես ուղղված է ժողովրդին վերջնականապես հիասթափեցնելու, երկրում տիրող քաոսի առանց այն էլ սարարսափելի բարձր աստիճանն էլ ավելի բարձրացնելու նպատակին: Էթիկետի, «հաճախորդներին» դիմավորելու ու ականջներին ԼԱՊՇԱ կախելով ճամփու դնելու, ԲԵՅՋԵՐԸ վզներից կախած, իբր ժողովրդի ծառա մարդկանց մեջ շրջելու, ծառեր տնկելու, սիզամարգեր հարդարելու, իրենց թաղապետարանների ու գյուղապետարանների շենքերը տոնածառի լույսերով զարդարելու և նման այլ «տոնածառային» ձևականությունների, ես կասեի՝ տոնածառային ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ հարթություններում այս նոր պաշտոնյաներին հների հետ չես համեմատի: Սրանք նախկիններին մխի մեջ կկորցնեն: Բայց գործ անելու, մարդու, քաղաքացու հոգսը թեթևացնելու, նրա ցավը հասկանալու և հընթացս գոնե ամենատարրական խնդիրները մի հարվածով լուծելու տեսակետից, ցավով եմ սա ասում, սրանք՝ այս նորերը, իրենք են մխի մեջ կորած:

Այս վիճակը, որքան էլ ցանկանաս, միայն անփորձությամբ, գիտելիքի պակասով, հմտության բացակայությամբ կամ մեկ այլ՝ «նրբացուցիչ դեպք հանցանացով» հնարավոր չէ բացատրել, քանզի ամենատարրական խնդրի լուծումն անգամ իրավաբանորեն մեկնելուց և միակ պարզ տրամաբանական լուծումն առաջարկելուց հետո անգամ, միևնույն է, ամեն բան արվում է հակառակ՝ մարդուն գրգռելու, իշխանության, հեղափոխության հանդեպ նրա մոտ հակակրանք, անգամ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ առաջացնելու տրամաբանությամբ: Ամենայն պատասխանատվությամբ, սարսափով և մեծ վախերով եմ սա ասում և պատրաստ եմ ապացուցել ցանկացած ատյանում։ 

ԿԱՏԱՐՎՈՂԸ ԱՄԵՆԱԻՍԿԱԿԱՆ ՍԱԲՈՏԱԺ Է: