08:52
«Հետևողական եմ լինելու, որ մարդկանց վրա շինծու գործեր չսարքեք»․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի դիտարկում՝ ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ․ 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ը ներկայացրել և հիմա էլ լրամշակում է փոփոխությունների նախագիծ, որով ցանկացած ՀԿ պետք է հրապարակի օրենքով սահմանված հաշվետվությունը, մինչդեռ գործող կարգավորմամբ նման պարտականություն ունեն միայն հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ները։ 2016-ին, որպես այն ժամանակ գործող արդարադատության նախարար, օրենքը ներկայացնելիս ունեի հստակ նպատակ՝ ավելի ազատական կարգավորումներ նախատեսել ՀԿ-ների գործունեության համար։ Այդ կարգավորումները ոչ միայն ազատական էին, այլ իրենցից ներկայացնում էին եռամակարդակ կոնսենսունս, քանի որ նախագիծն ստեղծվել էր պետություն-միջազգային կազմակերպություններ- քաղաքացիական հասարակություն սերտ համագործակցությամբ։ ՊԵԿ-ի ներկայիս քաղաքականությունը այդ պատճառով համարում եմ ուղղակի միջամտություն ՀԿ-ների գործունեությանը, ինչի մասին տեղեկացնելու եմ մեր միջազգային գործընկերներին։ Այդ պատճառով «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նույնպես միանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ 102 հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների՝ հիշյալ կարգավորումների վերաբերյալ դիմում-դիրքորոշմանը։ Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորում եմ ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործունությամբ, օրինակ՝
• Հորդորեք Ձեր տեղակալին գիշերները չզանգել մաքսատների ղեկավարներին և սրտի ուզած մեքենաները բաց թողնելու հրամաններ չարձակել (այո, կոռուպցիան իսպառ «վերացել է)
• Մյուս տեղակալին հորդորեք, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման անվան տակ ԿԲ-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնից բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություններ չվերցնի։ Պատասխան տալու եք, հաստատ։
• Նույն տեղակալին հորդորեք, որ տնտեսվարողիներին չկանչի իր մոտ ու մաքուր թուղթ տալով, չպահանջի գրել «մուծվելիք» գումարի չափը
• Հիշեցում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է ՝ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը»։ Եվ ուրեմն մյուս իրավապահ մարմիններին մի խառնեք ու մի հանձնարարեք․ օրինական չէ։ Առայժմ այսքանը։ Ցանկը երկար է: Հետևողական եմ լինելու, որ վարչապետի ու ձեր հնչեցրած կեղծ տվյալներն ու թվերը հիմնավորելու համար մարդկանց վրա շինծու գործեր չսարքեք»։

 


 

Առաջարկում ենք նաև
Լրահոս