Ապրիլի 13-ի գիշերն իսրայելական ՌՕՈւ-ի կողմից Սիրիայի կենտրոնական Համա նահանգի Մասայիֆ բնակավայրում տեղակայված ռազմական օբյեկտների (ենթադրաբար Իրանի և հովանավորյալ ուժերի կողմից վերահսկվող հրթիռաշինական ուղղվածության կենտրոններ) հրթիռակոծումից հետո կրկին ակտիվացել են Սիրիայում Մոսկվայի և Թեհրանի միջև հնարավոր լարվածության մասին տարաբնույթ մեկնաբանությունները:
Վերոնշյալի հիմնական պատճառը նախ և առաջ և հերթական անգամ ռուսական ՀՕՊ համակարգերի անգործությունն էր իսրայելական հարվածի կանխման հարցում, հատկապես, երբ ինչպես Լաթակիայում տեղակայված С-400, այնպես էլ սիրիական ԶՈՒ-ին տրամադրված, նաև շրջանում տեղակայված С-300 համակարգերը փաստացի չեն գործել: Այս համատեքստում ցայժմ հնչած հիմնավորումների տրամաբանությունը հետևյալն է․ ռուսական համակարգերը չեն գործել համաձայն ռուս-իսրայելական պայմանավորվածությունների, ինչպես նաև այն պատճառով, որ ռուսական դիրքերին սպառնացող վտանգ չի արձանագրվել, իսկ С-300-ի անգործությունը պայմանավորվել է այն իրողությամբ, որ ռուսական կողմը դեռևս լիովին չի հանձնել սիրիացիներին դրանց ամբողջական կառավարումը:
Իսկ Մոսկվայի և Թեհրանի միջև առկա խնդիրների թեմայով որոշ հետախուզական տվյալներ են շրջանառվել առ այն, որ ռուս ռազմական մասնագետները Սիրիայում Իրանի ազդեցությունը թուլացնելու նպատակով վերջին ամիսներին ձեռնամուխ են եղել բացառապես Բաշար Ասադին ենթակա նոր ռազմական ստորաբաժանումների ստեղծման գործին, ինչպես նաև պարբերաբար արգելափակում են սիրիական բանակի տարբեր աստիճանի իրանամետ զինծառայողների գործունեությունը: