16:43
«Այս հարցերը գործող օրենքով անպատասխան են»․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քրեական դատավարության հինգ կնճիռները․․․ Վերջին տարում մեր պետությունն իրականացնում է գերակտիվ քրեադատավարական գործունեություն։ Այդ գործունեությունը, վերաբերվելով հանրային հնչեղություն ունեցող փաստերի և հանրային անձանց, բնականորեն ստանում է գերակտիվ լուսաբանում։ Ստորև ընդհանրացված ձևով ներկայացնում եմ առկա առաջնահերթ մասնագիտական խնդիրները, որոնք վերաբերում են քրդատ մինչդատական վարույթին։

1․ ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ. այո՛, նախաքննական գաղտնիքը լեգիտիմ հանրային արժեք է։ Բայց որտե՞ղ է այն սկսում և որտե՞ղ ավարտվում, ինչպե՞ս է հավասարակշռվում մյուս լեգիտիմ հանրային արժեքներին։ Այս հարցերը գործող օրենքով անպատասխան են, իսկ պրակտիկան է՛լ ավելի է խորացնում օրենսդրական խնդիրը։ Ունենալով տեղեկատվություն հրապարակելու բացարձակ մենաշնորհ՝ պետությունը հաճախ կարող է այն չարաշահել, և իմ դիտարկմամբ երբեմն չարաշահում է։ Խնդիրը խորանում է այն իրողությամբ, որ մեր օրերում զուտ տեղեկատվական «միջամտությամբ» հնարավոր է մարդուն ավելի մեծ վնաս հասցնել, քան անգամ քրեական պատասխանատվությամբ։

2․ ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴՌՆՓԱԿՈՒԹՅՈՒՆ. կապված է նախորդ խնդրին։ Օրենքով կալանքի դատական նիստերը բացառապես դռնփակ են։ Ինչո՞ւ։ Նախաքննական գաղտնիքի պահպանման համար։ Կա՞ իրավաչափ շահերի հավասարակշռում։ Չկա։ Հանրությունն օրենքի ուժով զրկված է դատական նիստի վերաբերյալ պատշաճ տեղեկացվելու և դատարանի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու իրավունքից։ Եթե առկա է դռնփակության հատուկ հիմք (պետական գաղտնիք, հանրային բարքերի նկատառում և այլն), այո՛, այն պետք է դատարանի հատուկ որոշմամբ դտնփակ գումարվի։ Սակայն սովորական, «by default» տարբերակը պետք է դռնբացությունը լինի։

3․ ԿԱԼԱՆՔԻՆ ՊԱՏՇԱՃ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ. տնային կալանքը, վարչական վերահսկողություն (օրինակ ոտքին կրվող էլեկտրոնային սարքի կիրառմամբ) մեր օրենքով բացակայում են։ Ենթակառուցվածք էլ դեռ չենք ստեղծել։ Ավելին, մեր օրենքը դեռ թույլ չի տալիս կալանք ընտրելու փոխարեն միանգամից մի քանի այլընտրանքային միջոց կիրառել (օրինակ՝ վարչական վերահսկողություն, գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն)։ Այս ամենն օբյեկտիվորեն նվազեցնում են խափանման միջոց կալանքից խուսափելու հնարավորությունները։

4․ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՏԵՍԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՈՒՄ. գործող քրդատ օրենսգիրքն ընդունվել է դեռ 20-րդ դարում։ Հիմա տեխնալոգիաներն ուրիշ են։ Մյուս կողմից էլ, քրեական գործերով վկաների, տուժողների «աշխարհագրությունն» է փոխվում։ Ինչո՞ւ նրանց չհարցաքննել տեսակապով, օրինակ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում (որ գործի ՀՀ իրավազորությունը և ապահովվի քննչական գործողության «տեխնիկական կողմը»)։ Օրենքը չի նախատեսում, բայց չի էլ արգելում։ Այս առումով, պետք է ուրախությամբ նշեմ, որ պրակտիկայում միտումը դրական է։ Վերջերս իմ մասնակցությամբ կատարվել են տեսակապով հարցաքննություններ (ես հանդես էի գալիս որպես տուժողի ներկայացուցիչ), և դա շատ ողջունելի է։

5․ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՖԻՑԻՏ. մեր օրենքով մեղադրյալն ունի ստելու լիակատար իրավունք։ Թվում է, թե վկան, տուժողը չունեն, բայց իրականում լավ էլ ունեն․ ցանկացած պահի, մինչև դատաքննության ավարտը կարող են նոր՝ «ճիշտ» ցուցմունք տալ և այդ փաստով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Դա լա՞վ։ Միշտ համարել եմ, որ այս պրակտիկան աղճատում է մեր քրեադատավարական իրականությունը և շարունակում եմ այդպես մտածել»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս