ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«1992թ. այս օրը՝ ապրիլի 10-ին, տեղի ունեցավ 20-րդ դարավերջի ամենաողբերգական ոճրագործություններից մեկը. ադրբեջանցիների կողմից Արցախի Մարաղա գյուղի հայազգի 5 տասնյակից ավելի խաղաղ բնակիչների դաժան կոտորածը:

Չնայած այն հանգամանքին, որ ժամանակին հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի վայրագ և տմարդի գործողությունները Մարաղայում, այնուհանդերձ, առաջադեմ մարդկությունը դեռևս իր ամբողջական արժանի գնահատականը չի տվել ադրբեջանցիների հանցագործ գործողություններին Մարաղայի խաղաղ բնակիչների նկատմամբ:

Մարաղայի ողբերգական դեպքերից 24 տարի անց՝ 2016 թ. ապրիլին, ադրբեջանցիները նույն՝ գազանին բնորոշ վարքագիծ դրսևորեցին Թալիշի խաղաղ բնակիչների նկատմամբ:

Ադրբեջանի չի փոխվել. մնացել է նույնը: Նման պայմաններում պետք է միավորվենք և հզորացնենք մեր զույգ հայկական պետականությունները:

Թող թշնամին հույս չփայփայի, թե մեր տարաձայնությունները կարող են ազդել մեր ազգային միասնականության և վճռականության վրա Արցախի և բոլոր համազգային հարցերում:

 

Ադրբեջանը շարունակում է Թուրքիայի մարդասպան քաղաքականությունը:

***
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:

Հ. Թումանյան»,-գրել է նա։