Առօրյա քաղաքականության մեջ շատ հաճախ է խոսվում այն մասին, որ պետությունները, առավել ևս՝ գերտերություններն ի զորու են մինչև վերջ հաշվարկելու իրենց իսկ երկարաժամկետ շահերը և գտնելու այդ շահերի իրացման ամենաճիշտ գործիքները։ Սովորաբար, այո՛, դա այդպես է. նրանց սխալ հաշվարկելու հավանականությունն ավելի փոքր է։ Բայց... մեծերն էլ սխալվում են։ Դա անցյալի դասերից մեկն է։
Պատմությունը լեցուն է այնպիսի դրվագներով, երբ անգամ ամենախոշոր, ամենաազդեցիկ երկրները, խաղացողները, կայսրությունները թույլ են տվել սեփական իսկ շահերի այնպիսի սխալ հաշվարկ՝ առաջնորդվելով փաստացի իրավիճակով ու չտեսնելով երկու քայլ այն կողմը, ինչի արդյունքների համար շատ հաճախ ստիպված են եղել վճարել դարերով։
Օրինակ՝ դարեր շարունակ հռոմեական, ապա բյուզանդական կայսրությունների համար պատմական Հայաստանը, հատկապես հայկական պետականությունն արդյունավետ բնական պատնեշ էր արևելքից ու հարավ֊արևելքից եկող տարատեսակ վտանգների համար։ Բայց ստացվեց այնպես, որ Բյուզանդական կայսրությունն ինքն ամեն ինչ արեց, որ Բագրատունյաց հայոց թագավորությունը վերանա։ Հայ ժողովրդին ու եկեղեցուն անտեղի դավանաբական վեճերի մեջ ներքաշելու, պարբերական պատերազմների ու նվաճումների, տարածաշրջանում էական գործոն հանդիսացող հայոց հարյուր հազարանոց զինուժի վերացման արդյունքը եղավ այն, որ Բյուզանդիան կորցրեց՝ ի դեմս Բագրատունյաց թագավորության, այն բնական պատնեշը, որ դարեր շարունակ օգտակար բուֆերային դեր էր կատարել հենց Արևմուտքի համար։
Արդյունքում նախ՝ սելջուկ թուրքերը, ապա՝ մոնղոլ թաթարներն առանց էական դիմադրության ոտնատակ տվեցին Հայաստանը և առաջ գնացին դեպի Արևմուտք։ Փոքր Ասիան հուր-հավիտյան անցավ թուրքական տիրապետության տակ, ի վերջո ընկավ Բյուզանդական կայսրությունը, իսկ Բալկանները, Եվրոպայի կեսն էլ շատ մեծ ու արյունալի գին վճարեցին այդ բնական պատնեշի վերացման համար։ Այս ամենից դարեր անց՝ այսօր էլ, եվրոպական խոշոր խաղացողների թղթապանակներում թուրքական օրակարգն ամենամեծերից է։