19:06
«Կամ վարչապետն իրոք չգիտի, թե իր թիմակիցներն ինչով են զբաղված, կամ էլ բլեֆ է անում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բուհերի քաղաքականացված հոգաբարձուների խորհուրդները, դուռ փակող ռեկտորները և Փաշինյանի հայտարարությունը…

Մի քանի օր է՝ հայաստանյան ԶԼՄ-ներն ակտիվորեն տարածում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը բուհերի ռեկտորների և հոգաբարձուների խորհուրդների ապաքաղաքականացման մասին… Ինչպես միշտ, պարոն Փաշինյանը շատ վստահ հայտարարություններ է անում, ինչին շատ կուզենաս հավատալ… Բայց, քանի որ ինքս էլ բուհական ոլորտից եմ և բավական լավ ծանոթ եմ ուսանողների կամքի ազատ արտահայտման դեմ գործող ներկա և նախկին ռեկտորների, ինչպես նաև հոգաբարձուների խորհուրդների գործունեությանը, որոնք արդեն ձևավորվել են նոր իշխանությունների օրոք, ապա շատ զարմանալի էր ինձ համար ՀՀ վարչապետի բոցավառ ելույթը…
Օրինակ՝ Շիրակի պետհամալսարանում հեղափոխությունից հետո գրեթե ոչինչ չի փոխվել…ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի թեթև ձեռամբ բուհի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց ՇՊՀ-ի նախկին օդիոզ և վատահամբավ ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի մոտ ընկերը, որը, ժամանակին զբաղեցնելով պրոռեկտորի պաշտոնը, բազմիցս է խոչընդոտել ուսանողների ազատ կամքի արտահայտմանը, ինչպես նաև բավական ակտիվ զբաղված էր Սահակ Մինասյանի շահերի պաշտպանությամբ` ընդհուպ ակտիվորեն ընդգրկվելով վերջինիս կողմից ապօրինաբար ստեղծված Էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին, որի գլխավոր հանձնարարականը՝ ինձ և Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելն էր… Ուսանողների դասադուլները խոչընդոտող ռեկտորի պաշտոնակատարը ժամանակին հայտնվել էր ArmComedy-ի ուշադրության կենտրոնում (https://www.youtube.com/watch?v=qqYCcGMeYdU 17.43-ից)… Ինչ վերաբերում է բուհերի հոգաբարձուների խորհուրդների ապաքաղաքականացմանը, որի մասին վերջին օրերին սիրում է խոսել Փաշինյանը, ապա դա ևս ուտոպիա է… Օրինակ՝ նույն ՇՊՀ-ում, որի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է թավշյա հեղափոխությունից հետո, հիմնադրի անունից առաջադրված 6 անդամներից 3-ը ՔՊ կուսակցության անդամներ են՝ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը, որն այժմ ԱԺ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր է, Շիրակի նախկին ՔՊ-ական փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, որը ևս ներկայիս ԱԺ-ի «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր է և ԿԳ փոխնախարար, ՔՊ-ական Լուսինե Առաքելյանը… Հետաքրքիր է՝ բուհերի ապաքաղաքականացման մասին բարձրաձայնող ՀՀ վարչապետը չգիտի, որ հենց իր թիմակիցներն են թավշյա հեղափոխությունից հետո բացահայտ քաղաքականացնում բուհերի հոգաբարձուների խորհուրդները (ՇՊՀ-ն դրա վառ օրինակն է) և իրենց այս գործունեությամբ բացարձակ չեն զիջում ՀՀԿ-ին, որը, ի տարբերություն ներկայիս իշխանությունների, երբևէ չի թաքցրել, որ հոգաբարձուների խորհուրդներում գերադասում էր տեսնել իր ներկայացուցիչներին… Այստեղից հետևություն՝ կամ ՀՀ վարչապետն իրոք չգիտի, թե իր թիմակիցներն ինչով են զբաղված կամ էլ բլեֆ է անում ու չքմեղանում է… Սակայն գործից տեղյակ մարդիկ, որոնք լսել էին վարչապետի ելույթը, քմծիծաղով էին վերաբերվում ելույթի բովանդակությանն ու օրինակ բերում ՇՊՀ-ն, որտեղ վարչապետի հարազատ կուսակցությունը ներկայացված է 3 հոգով…»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս