08:14
«Սասուն. Ամուսնություն և հարսանիք»

Սասունում, հատկապես տոնախմբությունների ու ուխտագնացությունների ժամանակ, աղջիկներն իրենց վարսերը քառասուն ծամ հյուսում էին, գլուխները զարդարում սարերի անթառամ ծաղիկներից հյուսած պսակներով, այնպես էին զուգվում, որ «ծռեցնում»՝ խելքահան էին անում տղաներին։

Զարդ ու պճնանքից առավել՝ Սասնա ծռերին գրավում էր նրանց գեղեցկությունը, ամոթխածությունն ու համեստությունը։ «Խպնող (ամոթից կարմրող) աղջիկ նամուսով է»,- ասում էին լեռնականները, թեեւ բոլորին հրաշալի ճանաչում էին եւ յոթը պորտ գիտեին միմյանց ազգուտակը։

 

Եթե աղջիկը մինչեւ 20 տարին լրանալը չէր ամուսնանում՝ համարվում էր «պառաված», եւ նրան վիճակվում էր ամուսնանալ այրի մարդու հետ։

Աղջիկների «խելքն առնելու» համար տղաներն աշխատում էին իրենց ուժն ու քաջությունը ցույց տալ «գուլաշի» (մենամարտ), ուժ ու ճարպկություն պահանջող այլ խաղերի, անվրեպ նետաձգության ու հրացանաձգության, ինչպես նաեւ պատերազմների ժամանակ։

Սիրահարվելու դեպքում թե՛ տղան, թե՛ աղջիկն առաջին հերթին իրենց մայրերին էին հայտնում իրենց սրտի գաղտնիքը, իսկ մայրերը տեղեկացնում էին ամուսիններին։ Եթե ծնողները համաձայնություն չտային՝ ամուսնություն չէր կարող լինել։

Ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկիզբը ամուսնությունը կատարվում էր հիմնականում ծնողների ցանկությամբ ու կամքով։ Թեեւ ընդունված էր, որ տղայի ծնողներն «աղջիկ ուզելու» առաջարկ անեն, բայց պատահում էր նաեւ, որ աղջկա ծնողներն էին նախապես խոսք բացում իրենց աղջկան՝ իրենց հավանած տղային տալու ցանկության մասին։

Հանդիպում էին նաեւ աղջիկ առեւանգելու դեպքեր, բայց ոչ միշտ էին դրանք ավարտվում խաղաղ դաշն կնքելով։ Հաճախ, նման դեպքերի արդյունքում, տների ու նույնիսկ գյուղերի միջեւ թշնամություն էր առաջանում։

Մանկահասակ երեխաներին օրորոցում, նույնիսկ դեռ չծնվածներին, նշանելու դեպքեր՝ «խոսքկապներ» էին լինում։ Այն ի սկզբանե հայտարարվում էր ի լուր ամբողջ գյուղի։

Հարսանեկան ծեսն ուներ հատուկ արարողակարգ՝ խոսքկապ, նշանդրեք, խալանկտուր կամ կթխան խլղաթը (հարս տեսնելը), հարսնած, պսակ եւ առագաստ։

Հարսանիքն, ըստ հարս ու փեսայի ծնողների կարողության, տեւում էր 3-7 օր։ Պսակը կատարվում էր եկեղեցում (եթե եկեղեցին գյուղից շատ հեռու էր՝ պսակի արարողությունն արվում էր փեսայի տանը՝ հարսանեկան խնջույքի ժամանակ)։ Այնուհետեւ եկեղեցուց շարժվում էին փեսայի տուն՝ փող փչելով, երգ ու պարով։

Տան շեմին հարս ու փեսային դիմավորում էր սկեսուրը, ով հարսի ուսին թարմ լավաշ էր դնում, համբուրում եւ տուն ուղեկցում։ Սկսվում էին աչքալուսանքներն ու բարեմաղթանքները, իսկ որ ամենակարեւորն է՝ հասանեկան կրակոտ պարերն ու խաղերը։

 

Հարս ու փեսայի բանակների միջեւ խաղ-կռիվը ժամեր էր տեւում։ Այդ կատաղի գոտեմարտում երբեմն գլուխներ էին կոտրվում, մարտիկներից ոմանք ծանր վնասվածք էին ստանում, սակայն դա երբեք վրիժառության ու ատելության չէր հանգում։

Կինը՝ սասունցու «նամուսն ու խիրաթն» էր համարվում։ Կնոջ մի խոսքը խրախուսում՝ սխրագործության էր մղում ամուսնուն։ Սասունցիք ասում էին, թե կնոջ խոսքն անհետեւանք չեն թողնի։ Փեսայի համար կնոջ ազգականներից ամենասիրելին զոքանչն էր, ճիշտ այնպես, ինչպես հավատացյալի համար Մարութա Սուրբ Աստվածածինը։

Պատմում են, թե մի անգամ ուխտավորները, երբ Մարութա սարից սկսում են իջնել, նորափեսան մնում է վանքում, խորանի դիմաց կանգնում է եւ հարցնում․ «Է՛յ, մեռնըմ քըզի Մարութա Սուրբ, տու անզոքանչ իմա՞լ զմնաս (առանց զոքանչ ինչպե՞ս ես մնում)»։ Փեսան իր պարտականությունն էր համարում զոքանչին մոր նման հարգել ու հարկ եղած դեպքում խնամել, իսկ զոքանչը նրան պետք է պատվեր ու սիրեր՝ ինչպես հարազատ որդուն։

Սասունում հարսը չխոսկան էր։ Երբ մայր էր դառնում՝ խոսում էր սկեսրոջ հետ, իսկ սկեսրայրի հետ չէր խոսում (երբեմն մինչեւ նրա մահը), իսկ անհրաժեշտության դեպքում գլխի շարժումով էր պատասխանում վերջինիս հարցերին։

Սասունում ապահարզանն արգելված էր: Հազարամյակների պատմության մեջ լեռնաշխարհում կարող եք գտնել ապահարզանի եզակի դեպքեր։ Դա անպատվություն էր համարվում թե՛ հարսի, թե՛ փեսայի գերդաստանի համար։

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս