«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես սգում եմ նրանցից յուրաքանչյուրի համար, նրանց հեղած արյունը նաև մեզանից յուրաքանչյուրի արյունն է, և մենք նրանց հիշատակի առջև չմարված պարտք ունենք։Մարտի 1-ի ողբերգական բախումը շարունակությունն էր այն ճակատագրական ընթացքի, որում հայտնվել էր Հայաստանի Հանրապետությունը այն օրվանից ի վեր, երբ 1996 թ. սեպտեմբերին, մինչ այդ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, պարտվելով նախագահական ընտրություններում, հրաժարվեց հեռանալ, և ուժային կառույցների պարտադրանքի միջոցով, փորձեց երկարացնել իր իշխանությունը։ Նույն այդ ուժային կառույցները, մեկ տարուց փոքր ինչ ավել հետո, պարտադրեցին արդեն Տեր-Պետրոսյանին հեռանալ, և նրա փոխարեն նախագահ նշանակեցին Հայաստանում համարյա անհայտ Ռոբերտ Քոչարյանին, որը ևս չէր ստացել ժողովրդի մեծամասնության քվեն, պարտվելով ընտրությունները Կարեն Դեմիրճյանին։
Եվս մեկ ու կես տարի հետո, ուժային թևի առաջնորդ Վազգեն Սարգսյանը և նրան դաշնակցած Կարեն Դեմիրճյանը դիմահար գնդակահարվեցին Ազգային ժողովում, այս ոճրագործության կատարողները իրենց գործողությունները փորձում էին հիմնավորել նախորդած բռնության համար հատուցմամբ, իսկ ոճրագործության իրական կազմակերպիչները անհայտ մնացին։ Այս ամենը, արդյունքում բերեց երկրում երկու անզիջում քաղաքական բևեռների առաջացման՝ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որոնք իշխանության համար պայքարում այլևս միջոցների մեջ խտրություն չէին դնում, և այն պահելու կամ գրավելու համար պատրաստ էին նոր բռնության։
2008 թ. նախագահական ընտրությունները հանդիսացան այն առիթը, երբ այդ ուժերից յուրաքանչյուրը գնաց ծայրահեղ քայլերի, սեփական քաղաքական հավակնությունները տեղափոխելով փողոց, և առանց վարանման իրար դեմ հանելով սեփական կողմնակիցներին, որոնց հեղված արյունը նրանց բոլորի խղճի վրա է, առաջին հերթին այն պահի իշխանության։
Մեր երկիրը պետք է կարողանա շրջել իր պատմության այս մռայլ էջն ու վերջնականապես դուրս գա քաղաքական բռնության շրջափուլից, այսուհետև բոլոր քաղաքական խնդիրները լուծելով ազատ ընտրությունների և երկխոսության միջոցով։ Դրա համար այս էջը պետք է մինչև վերջ կարդացվի, բոլոր մասնակիցները ընդունեն իրենց քաղաքական պատասխանատվությունը, չփորձելով ամբողջ մեղքը բարդել միայն հակառակ կողմի վրա։
Եռակողմ «Ճշմարտության հանձնաժողովը» (հեղինակավոր չեզոք կողմի մասնակցությամբ) կարող էր լինել այն մեխանիզմներից մեկը, որը բախման կողմերի քաղաքական կամքի, և հասարակության հետևողական պահանջի պայմաններում, կարող էր վերականգնել այդ ողբերգական իրադարձությունների հետ կապված ամբողջ ճշմարտությունը, և գնահատեր յուրաքանչյուր գործող անձի այն քայլերը, որոնք ի վերջո բերեցին վիճակի անվերահսկելի էսկալացիայի և արյունահեղության։ Դա մեզ հնարավորություն կտար ատելության և վրեժխնդրության վրա հիմնված դիսկուրսը տեղափոխել քաղաքական և իրավական պատասխանատվության, զոհերի և մյուս տուժածների իրավունքների վերականգման, և ի վերջո հանրային հաշտեցման դաշտ։
Մինչ այդ, ևս մեկ անգամ ցավակցում եմ բոլոր այն ընտանիքներին, որոնք զավակ են կորցրել այդ ողբերգական օրը տասնմեկ տարի առաջ։ Մենք նրանց կորուստը վերականգնել այսօր ցավոք չենք կարող, բայց կարող ենք ամեն ինչ անել, որ այլևս երբեք այդպիսի կորուստներ մեր երկրում չլինեն»,-գրել է Ավետիք Չալաբյանը։