Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ առաջ խոսեցի Վանաձորի ԲԿ տնօրենի հետ, որպեսզի պարզեմ, թե արդյոք իրենց ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող մեր 65 քաղաքացիները կունենան հեմոդիալիզի ընդհատում մարտի մեկից՝ կապված ծախսանյութերի սպառման հետ։
Նա ինձ հավաստիացրեց, որ օրենքով սահմանված կարգով շտապ գնում կիրականացնեն, և դիալիզի գործընթացը կանգ չի առնի։
Եվ մեկ խնդրանք այս թեմայով հետաքրքրված բոլոր անձանց։ Խնդրում եմ հիշել, որ հեմոդիալիզը երիկամային անբավարարություն ունեցող անձանց համար կյանք փրկող, բարդ և վտանգավոր միջամտություն է, որը կատարվում է երկու օրը մեկ անգամ և նույնիսկ մեկ օր ուշացնելը կարող է բերել պացիենտի մահվան։ Այս պահին մենք ունենք մոտ 1000 պացիենտ, որոնք ստանում են դիալիզ Հայաստանի 13 մասնավոր և պետական բժշկական հիմնարկներում։
Ավելին, այս պացիենտների կյանքի որակի բարելավման համար մեր կողմից ակտիվ քայլեր են կատարվում դիակային տրանսպլանտոլոգիայի զարգացման ուղղությամբ, որի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,-գրել է նա։