Մեր «հերոսական» մտավորականության զգալի մասը շարունակում է տարբեր փաբերում, տաբուրետկեքին փռված` բողոքել ու պատերի տակ նվնվալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Անկեղծ ասած` որոշել էի այս թեմայով Ստանիսլավսկու ասած` պաուզան ձգել, բայց չստացվեց։ Մշակույթի գոյություն ունեցող, կամ ` կիասագոյություն ունեցող նախարարությունը որոշել է միավորել մշակութային ՊՈԱԿ-ները։ Հիմնավորումների ողջ փաթեթին դեռ տեղյակ չեմ, սակայն եթե հիմնավորումներից մեկն այն է լինելու, որ «Կոմիտասի» անվան քառյակը Կոմիտասի թանգարան ինստիտուտին պիտի հանձնել, որովետեւ, ինչպես ասել է մշակույթի նախարարության ներկայիս պատասխանատուն` «դրանք իրար հարիր են», որը թարգմանաբար երեւի նշանակում է` երկուսի անունն էլ Կոմիտաս է, այս փառահեղ տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է այդ երկյակին միավորեին նաեւ «Կոմիտասի» անվան կարի արտադրական միավորումը, եթե այդպիսին լիներ, կամ` որեւէ փաբ, եթե մեկը որոշեր իր փաբի անունր դներ Կոմիտաս։

Բայց, խոսքս դեռ այս միավորումների մասին չէ, որի բովանդակությունը կհասկանանք, երբ նախագիծը կներկայացվի կառավարությանը, ու ոչ էլ խոսքս այն մասին է, որ պարզվում է` Սոս Սարգսյանը ժանր է։ Խոսքս էլի մեր մտավորականների, արվեստագետների մասին է, որոնք այս օրերին SOS ռեժիմով զանգահարում են ինձ ու խնդրում հայ մշակույթը կործանող քայլերի դեմ պայքարել։ Բայց, երբ ասում ես` համաձայն եմ, եկեք միասին տրամաբանական եւ հրապարակային քայլերի օրակարգ մշակենք ու հասկանանք` ի՞նչ ենք ուզում, եւ ինչի՞ց ենք սկսում` անմիջապես անէանում են։

Փաստորեն, ոչինչ չի փոխվել ու ոչինչ չի փոխվում։ Մեր «հերոսական» մտավորականության զգալի մասը շարունակում է տարբեր փաբերում, տաբուրետկեքին փռված` բողոքել ու պատերի տակ նվնվալ, բայց երբ հրավիրում ես հրապարակային-բաց քննարկման, վախենում են գալ, որպեսզի մշակույթի նախարարության դեռեւս գործող պատասխանատուները հանկարծ չիմանան, որ իրենք «պրոտեստ» են անում։

Բա էսպես ո՞ւր ենք գնալու եւ դուք ո՞ւր եք գնալու։ Ինձ համար մտավորական ու վախ հասկացությունները հականիշներ են։ Որովհետեւ չի կարող իրական արվեստագետն ու մտավորականը վախենալ հրապարակային խոսքից եւ քննարկումից։ Իսկ երբ երկրի մտավորականությունը, կամ զգալի մասը` համր է, էդ միջավայրում Սոս Սարգսյանը ժանր էլ կդառնա, «Կոմիտասի» քառյակն ու «Կոմիտասի» կարի ֆաբրիկան էլ իրար կմիանան, որովհետեւ, ինչպես արդեն ասվել է` «իրար հարիր են»»։