ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար: Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում,բայց իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում: Խոստանում են սեր և համերաշխություն,բայց քարոզում են ատելություն: Խոստանում են վենդետայի բացակայություն,բայց իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է:

Խոստանում են օրենքի գերակայություն,բայց համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին: Նրանք,ովքեր ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար,այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում: Սա աբսուրդ է:

Հիմա էլ հայտարարում են, թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջև,այլ նաև մարտահրավեր է պետության հիմքերին և անվտանգությանը:

Քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն, Նիկոլի իշխանությանը չէր խանգարի մտածեր ներքին անվտանգության մարտահրավերի մասին:

Այո՛, համբերության բաժակը լցվել է, և սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը, այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:

Հ.Գ. Ամոթ է... Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել:

Մտածե՛ք,պարոնայք: Հետո չասեք՝չեմ զգուշացրել»: