15:54
Արա Գալոյան. «Գերատեսչական տեղեկատվություն կարդալը առանձին հաճույք է։ Այդ տեքստերը խրոխտ են ու հատու»

«Գերատեսչական տեղեկատվություն կարդալը առանձին հաճույք է։ Այդ տեքստերը խրոխտ են ու հատու։

Օրինակ այս տեքստը, որ ոստիկանության լրատվականն է տարածել․ «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջգերատեսչական համագործակցությունը շարունակվում է։ Մասնավորապես՝ Ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ միջոցառմամբ օրերս բացահայտվեց առանձնապես խոշոր չափի գումար յուրացնելու դեպք։ Հանցագործության վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Աշտարակի բաժնի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին»։

Թվում է, թե կոռուպցիայի աշխարհացունց բացահայտման դեպքի մասին ենք իմանալու, եթե շարունակեք կարդալ հաղորդագրությունը։ Բայց շարունակությունն անսպասելի է «Արդյունքում պարզվեց, որ Արագածոտնի մարզի Ուշի համայնքի մի շարք պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-19 թվականների ընթացքում յուրացրել են 3,2 միլիոն դրամից ավելի գումար»։

Այ ձեր խիղճը չկտրվի։ Ուշի ասածն ընդամենը 1521 բնակիչ ունեցող գյուղ է, իսկ «համայնքի մի շարք պաշտոնատար անձինք» ասածն էլ գյուղապետն է, կոմունալ և սոցիալական ոլորտի մի երկու աշխատակից, մաքրուհին, պահանկն ու լույսի մարդը։ Զի՛լ ու մի շարք «պաշտոնատար անձինք են»»։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս