Վերջին շրջանում Սիրիայի տարածքում իսրայելական գործողությունների ակտիվացման(թիրախում առավելապես իրանական և իրանամետ ուժերի դիրքերն են) և դրանց հանդեպ ռուսական կողմի կրավորական կեցվածքի հետևանքով ակնհայտ լարվածություն է նկատվում Թեհրան-Մոսկվա հարաբերություններում:
Մասնավորապես, իրանական կողմը Մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հաշմաթուլահ Ֆալահաթ Փիշեի շուրթերով քննադատել էՌուսաստանին(ի դեպ, Անկարա այցելությունից անմիջապես հետո) առ այն, որ Սիրիային տրամադրված С-300 ՀՕՊ համակարգերը չեն գործարկվում իսրայելական հարվածների դեպքում: «Գործում է որոշակի կոորդինացում սիոնիստական հարձակումների և Սիրիայում գործարկված ռուսական հակաօդային պաշտպանության միջև»,- նշել է իրանցի խորհրդարանականը:
Զուգահեռաբար մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել առ այն, որ Սիրիայի տարբեր շրջաններում(Լաթակիա, Գոլանի բարձունքներ) ուղիղ ռազմական բախումներ են տեղ գտել ռուս զինծառայողների և իրանամետ ուժերի միջև: Իսկ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը CNN-ին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, և Ռուսաստանը համաձայն չէ Իսրայելի հանդեպ իրանական թշնամական քաղաքականության հետ:
Վերոնշյալի համատեքստում պետք է հավաստել, որ իսրայելական գործողությունների թեման մշտապես խնդրահարույց է եղել ռուս-իրանական հարաբերություններում, մինչդեռ դրանց հրապարակային ֆոն հաղորդելու հանգամանքն արդեն աննախադեպ իրողություն է: