«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուշադիր նայեցի վարչապետի լայվը Դավոսից: Ասել, թե հուզված եմ ու զարմացած, կնշանակի ոչինչ չասել: Չեմ ուզում անդադառնալ Ալիևի հետ հանդիպման «բացատրություններին», դա այլ թեմա է, որի մասին դեռ կխոսեմ:
Հիմա այլ բանի մասին. վարչապետը դեմքի լուրջ արտահայտությամբ ասում է, որ մարզպետների մոտ անընդհատ սոցիալապես անապահով մարդիկ են գալիս, ապրուստի փող են ուզում, ու որ բյուջեից փող ենք տալիս, իրենք էլ կկարողանան իրենց գրպանից մարդկանց օգնել: Երկու անգամ լսեցի այս կտորը, որովհետև առաջին անգամ չհավատացի, որ պետական գործիչը կարող է նման բան ասել: Փաստորեն, երկրում առկա սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը լուծելու շատ հեշտ ճանապարհ կա, մենք էլ տանջվում, ուրիշ երկրների փորձ ենք ուսումնասիրում, համակարգային լուծումներ փնտրում: Ընդամենը պետք է պարգևավճարներ տալ պետական պաշտոնյաներին, նրանք էլ թող իրենց հայեցողությամբ որոշեն, թե ում ինչքան կբաժանեն իրենց գրպանից: Էլ ինչ Սոցապ նախարարություն, ինչ տարատեսակ ֆոնդեր ու բարեգործական ծրագրեր:
Ճիշտ է, ես չեմ պատկերացնում, ինչպես են որոշելու, թե ով է ավելի «արժանի» ողորմության, բայց դատելով Արարատի մարզի ձեր խիստ «պրոֆեսիոնալ» կադրից, մի լուծում կգտնեն. օրինակ, օգնություն խնդրողը թող 3 անգամ երդվի ձեռքերը առաջ դրած, որ հանկարծ խաչ չանի:
Պարոն Փաշինյան, երբ ձեր հեկտար չիմացող մարզպետի ու հեռուստաեթերներում հարցազրույց տվող ձեր ուժի պատգամավորուհիների ֆոնին դուք խոսում եք այն մասին, որ պետք է շատ վճարեք, որ պրոֆեսիոնալ մասնագետները գան աշխատելու, ես հիշում եմ Սերժ Սարգսյանի ելույթները, երբ կատաստրոֆիկ արտագաղթի ֆոնին խոսում էր 4 միլիոն բնակչություն ունենալու մասին:
Պարոն Փաշինյան, ձեր վերջին ելույթները և դիմումներն ուղղված են ամբոխին, ոչ թե ժողովրդին: Ենթադրում եմ, գիտեք տարբերությունը` ժողովուրդը միշտ խելացի է, այդ ամբոխն է, որ անգիտակից է»։