Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված, 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանի մահվան մասին ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ստրասբուրգից Երևան ուղևորության ճանապարհին ինձ հայտնի դարձավ, որ այսօր վաղ առավոտյան մահացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորված, 44 օր հացադուլի մեջ գտնվող և միայն վերջին օրերին հացադուլից դուրս եկած Մհեր Եղիազարյանը։
Ակնդետ ուշադրությամբ հետևում եմ դեպքի առնչությամբ պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությանը, ինչպես նաև այս գործով իրադարձությունների զարգացմանը։
Որպես նախկին իրավապաշտպան և փաստաբան, միևնույն ժամանակ խորապես մտահոգ եմ հետևյալ հարցերի կապակցությամբ և հետամուտ ենք լինելու դրանց լուծմանը․
• 44 օր հացադուլի մեջ գտնվող անձի առողջական վիճակի վատթարացումը չէր կարող աննկատ մնալ այն մարմինների համար, որոնք պարտավոր էին ապահովել նրա կենսաապահովման պայմանները։ Հետևաբար, առաջանում է հիմնավոր կասկած, որ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց մոտ առկա է առնվազն անփույթ և ամենաթող վերաբերմունք սեփական պարտավորությունների կատարման ոլորտում, ինչը հանգեցրել է անդառնալի հետևանքների։ Անհրաժեշտ է այս գործի ամբողջական և բազմակողմանի հետաքննություն, մեղավոր անձանց հայտնաբերում և պատասխանատվության ենթարկում, որպեսզի ապագայում բացառվի նման ողբերգական դեպքերը։
• Մհեր Եղիազարյանը մեղադրվում էր գույքային բնույթի հանցագործություն կատարելու մեջ։ Արդյո՞ք բավարար են եղել կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրելու միջնորդության հիմքերը։
• Արդյո՞ք ԱԺ երկու պատգամավորների խափանման միջոցը փոխելու երաշխավորությունները և գրավի միջնորդությունը պատշաճ քննության առարկա են դարձել:
• Արդյո՞ք քրեական հետապնդում իրականացնող մարմինները, տվյալ պարագայում՝ քննչական մարմինը, պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել Մհեր Եղիազարյանի գործով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու ուղղությամբ, որպեսզի բացառվեր մեղադրյալի՝ կալանքի տակ անհարկի մնալը։
Համակ ուշադրությամբ հետևելում եմ այս գործով բոլոր մանրամասներին։ Պետք է ամեն ինչ անել, որ պատկան մարմինները ձեռնամուխ լինեն այս ողբերգական դեպքի մեղավորների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ցավակցություններս Մհեր Եղիազարյանի հարզատներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ»: