Անծանոթ եմ քեզ, բայց գիտեմ վաղո՜ւց...
Այդ քե՛զ համար են ազգերը կռվել՝
Այդ քե՛զ համար է Տրոյան վառվել։
Այդ դո՛ւ լույս տվիր կույր Հոմերոսին,
Սֆինքսի գաղտնիքը ժպտալով առար,
Ու մարաթոնյան վազքի հերոսին
Այդ դո՛ւ, թերևըս, թևերիդ տարար։
Քե՛զ համար ընկավ մեր չքնաղ Արան։
Նորից քե՛զ համար
Մի այրող ամառ
Մեր Արտավազդին գերության տարան...
Հին ծանոթներ ենք - քեզ գիտեմ վաղո՜ւց։
Դրախտը կորցըրած՝ այդ քեզ է գտել
Մեր նախահայրը՝ ինձ նման մանուկ...
Երկար դարերի ճամփեքով բանուկ
Դու եկել ահա և ինձ ես հասել
Եվ ստիպում ես ինձ գոռալ՝ ասե՛լ,
Որ դու այրում ես՝ Տրոյայի՛ պես,
Ուզում ես գերել՝ մեր Արայի՛ պես,
Ինչպես Հոմերին՝ դու լույս ես տալիս,
Բայց շլացուցիչ քո լույս ու փայլից
Ես կուրանում եմ
Ու մոռանում եմ,
Որ դու աչքերով ինձ հույս ես տալիս,
Ժպտում ես, սակայն և խույս ես տալիս,
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ,- ես չեմ հասկանում։
Թե դու ուզում ես, որ, ինչպես մանուկ,
Մեր նախահոր պես միտքըս սքողած,
Իմ հանգստության դրախտը թողած՝
Ես քո հետքերով ու քո ետևից,
Ամե՜ն ինչ լքած՝ բռնեմ քո թևից
Ու գնա՛մ, գնա՛մ, ուր դու կգնաս,
Մտնեմ ա՛յն դռնով, որ դու կբանաս,
Խմեմ հարբենամ՝ ինչով դու հարբես,
Տանջվեմ ու տոկամ իմ նախահոր պես,-
Ես համաձայն եմ։
Ի՜նձ ինչ դրախտը,
Երևի նույնն է և թոռան բախտը...