Լրագրող Գոհար Վեզիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Արարատ Միրզոյանն արժանի է առաջնորդելու երկրի կարևորագույն՝ օրենսդիր իշխանությունը: Րոպեներ առաջ, երբ Միրզոյանին էին ներկայացնում, լսում ու հիշողությանս մեջ արագ թերթում էի էն տարիները, որոնց ընթացքում միասին ենք աշխատել: Կարևորագույն երկու դրվագ կա Արարատի հետ կապված, որն ինձ համար շատ ավելին է, քան վերջին ամիսներին եղածը: 2003 թ. Ռոբերտ Քոչարյան. Նախագահական ընտրություններ: Շիրվանզադեի դպրոցում ծեծուջարդերի ժամանակ վնասվել էին մատներս (դանակի շեղբն էի բռնել պատահաբար՝ հերթական դանակահարության փորձի ժամանակ, (թիրախը ես չէի)), միջազգային դիտորդներն ինձ ուղեկցեցին «Այժմ» թերթի խմբագրություն:

 

Երեկոյան ձայների հաշվարկին չէինք կարող էդ տեղամասը թողնել առանց վերահսկողության: Ես վիրավոր էի ու որոշվեց ուրիշին գործուղել տեղամաս: Արարատն անգամ չթողեց քննարկում ծավալվի՝ ով է գնալու: Իսկ էդ տեղամաս գնալն, էն էլ տղամարդու դեպքում, համարյա ինքնասպանության նման բան էր:

Էդ նույն տարին նախագահականի երկրորդ փուլի ժամանակ վակխանալիայի ականատես դարձա արդեն Յոնջլախում: Հրապարակումից մի քանի օր անց յոնջլախցիք եկան Մամուլ շենքի՝ ինձ «տենալու»: Զանգեցին խմբագրություն, թե բա հլը ներքև իջի: Մեկ էլ Արարատը, որը լուռ լսում էր հեռախոսազրույցն ու դրան հաջորդած կարճ քննարկումը, ժպտալով ասաց՝ դու մի իջի, ես կիջնեմ: Էլ չթողեց շարունակեմ: 

Հանգիստ, համեստ, արժանապատիվ: Առանց հոխորտանքի, մեծամտության: Էդ ինտելեկտից ու դաստիարակությունից ա: Ուզում եմ, որ անպայման հաջողի Արարատը: Ես վերջինն եմ լինելու, որ ընդունելու եմ, Աստված չտա, նրա պարտությունը: Ես վստահ եմ՝ Արարատը նոր Հայաստանի ամենասիրելի ու ընկալելի քաղաքական դեմքերից է լինելու»: