22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.

«Մեծարգո պարոնայք,
Մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013թվականին)։

Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որ Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները ցանկալի արդյունքին հասնելու համար:

Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։

Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝ Ելենա Աղաջանովա»