Հովհաննես Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Ղազախստանի Կարագանդա քաղաքում հեղինակություն վայելող և սիրված «Հին Հռոմ» ռեստորանում, որն ի դեպ պատկանում է տեղի հայերին, 2019 հունվարի 1-ին՝ նոր տարվա երեկոյան միջոցառումների և խնջույքի ժամանակ, մահվան ելքով միջադեպի արդյունքում իրավիճակը շիկացած և սուր ծայրով ուղղված է քաղաքի հայկական համայնքի դեմ: Այս գործում մեծապես «շահագրգիռ» են տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, որոնք միավորված են «Նամուս» անունը կրող համայնքային կառույցի մեջ և ակտիվ են հատկապես սոցցանցերում:
Պատահական չէ, որ մամուլում արդեն տպագրվել է ղազախ ցուցարարների 7 կետից բաղկացած պահանջը, որն ինքնին հետաքրքրական է և բացահայտում է, որ բացի ծեծկռտուքի մեղավորներին պատժելուց, հնչում են հեռահար նպատակների ուղղված պահանջ-կոչեր: Դրանք են. 

1. Միջադեպի ընթացքում զոհված Ժանսեյթ Ռախիմջան Բախիտջանուլիի ընտանիքին փոխհատուցել մեկ միլիոն դոլար։ Հայերը Կարագանդայում բավականին հարուստ են։

2. Արգելել հայերին մասնակցել ճանապարհային տենդերներին, որը նրանք շահում են չինովնիկներին կաշառելով։ Նրանց կառուցած ճանապարհների որակը վատն է։

3. Ճանապարհաշինական բիզնեսի մեծ մասնաբաժինը կովկասցիների ձեռքում է, նվազեցնել այդ մասնաբաժինը՝ հասցնելով նվազագույնի։ 

4. Կարագանդայով անցնող նարկոտրաֆիկը վերահսկվում է կովկասյան ներգաղթյալների կողմից, այն փակել, իսկ հանցագործներին՝ բանտարկել։

5. Կովկասցիների կողմից բացված սրճարան, ռեստորանները վաղուց վերածվել են կազմակերպված հանցավորության որջերի, ուստի դրանք վերանվանել ղազախական անուններով և սահմանել աշխատանքային ժամ մինչև 23:00-ն։

6. Քաղաքի ավտոբուսային 3-րդ պարկը փոխանցել պետության վերահսկողության տակ, Մանուկյանին հեռացնել պաշտոնից։

7. Օրենքով պատժել Ռախիմժանին սպանողներին:

Ինչպես պարզ երևում է առաջ քաշված պահանջներից, այստեղ փորձ է արվում գեներացնել հակահայ քայլերի մի ամբողջ շղթա՝ թիրախի տակ առնելով հայ համայնքին:

Չնայած նրան, որ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, Կարագանդայի հայ համայնքը ափսոսանք են հայտնել միջադեպի և դրանում հայերի ներգրավվածության հետ կապված, ցավակցել են զոհվածի ընտանիքին, պատրաստ են օգնել հետաքննությանը, այդուհանդերձ սոցցանցերը, ղազախ ցուցարարները, մամուլը փորձում են որոշակի ազգամիջյան խնդիր տեսնել կենցաղային հողի վրա ծագած այս խնդրում: 

Ինչպես ՀՀ պաշտոնական շրջանակները՝ ՀՀ ԱԳՆ-ն և ՄԻՊ գրասենյակը, այնպես ղազախական համապատասխան կառույցները հերքում են ազգամիջյան խնդրի լույսի ներքո հարցի շոշափումը, բայց իրադրությունը ընթանում է այլ հունով, գտնվում է այլ «ձեռքերում»: 

- Այստեղ անպատասխան է մնում 2 ադրբեջանցիների հարցը, որոնց անունները նախապես կապված էր այս գործի հետ, սակայն հետո նրանք անհետացել են քրեական գործից: Արդյոք նրանք գտնվել են ծեծկռտուքի վայրում որպես մասնակից, թե գտնվել են ռեստարանում զուտ հաճախորդի կարգավիճակում:
- Ինչու չի ընդգծվում, որ վիճաբանած կողմերն եղել են բազմազգ կազմերով:
- Ինչու չի նշվում վիճաբանության պատճառը, որը, ըստ վարկածներից մեկի, եղել է ռեստորանում անընդմեջ հնչող հայկական երաժշտության կամ հավաքի մասնակից մեծաթիվ հայերի ֆակտորը:

- Կարագանդայում կա ևս մեկ հարգի հայկական ռեստորան՝ Էրեբունին, արդյոք հայերի սոցիալական բարվոք պայմանները չեն հակահայ տրամադրությունների առիթը և այս միջադեպն ուղղակի պատրվակ է:

Այս ամենը լուրջ մտորումների տեղիք պետք է տա հայերիս: Մշտապես կրկնում ենք, որ հայկական համայնքներին Մերձավոր Արևելքում, Կովկասում և Միջին Ասիայում ամեն րոպե սպառնում է իրական վտանգ և Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման»: