Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ղազախստանում հայերի շուրջ ստեղծված վիճակին գրել է․

«Ղազախստանի Կարագանդա քաղաքում Ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքից հետո իրավիճակը գնալով անվերահսկելի և պայթյունավտանգ է դառնում՝ տագնապի մեջ պահելով մեր հայրենակիցներին, սպառնալիքի տակ դնելով նրանց ապահովությունն ու անվտանգությունը։ Նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիներին հաջողվել է տեղի ունեցած այս ներանձնային վեճը հրահրել այն դարձնելով հակահայկական ակցիա: 
Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով։ 
Ստեղծված իրավիճակից ելնելով ՀՀ Արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ ենք անում անհապաղ՝ վաղն առավոտյան արտաքին գործերի նախարարություն հրավիրել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին և նրանից պարզաբանումներ պահանջել վերջին օրերին ղազախական Կարագանդա քաղաքում շարունակվող զարգացումների վերաբերյալ և հավաստիանալ, որ պաշտոնական Աստանան ամեն ինչ անում է մեր հայրենակիցների իրավունքների, անվտանգության և սեփականության պաշտպանության և նրանց սպառնացող վտանգները կանխելու համար»։