«Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան պատարագից հետո, մեր եկեղեցիներում ավանդաբար կատարվում է ջրօրհնեք։ Միջնադարում շրջանառված մի ավանդության համաձայն` 1023 թ. Աստվածհայտնության տոնին բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը (1019-1058) Մաչկա կոչվող գետակի վրա կատարում է մեր ավանդական ջրօրհնեքի կարգը: Կայսրը կարգադրում է, որ Հայոց Հայրապետն արարողությունը կատարի հայկական ծեսով, իսկ հույները` իրենց: Նա հայերին ավելի բարձր տեղում է կանգնեցնում, քան հույներին: Ըստ Կիրակոս Գանձակեցու († 1271) այս քայլի իմաստն այն էր, որ վերևում հայերի օրհնածը ներքևում հույները վերստին օրհնեին` այն «կատարյալ» դարձնելով: Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ կաթողիկոսը մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն, և մեր հավատի զորությունը բարձրացավ: Հետագա պատմիչները ոչ միայն չեն բավարարվում երևացած լույսի հրաշքով, այլ նաև որոշ հավելումներ կատարում: Սմբատ պատմիչը (1208-1276) նշում է, թե գետի ջրերի վրա հուր երևաց, ջուրը մի պահ արգելափակվեց, իսկ Գանձակեցին հավելում է, թե Հայոց Հայրապետի աղոթքի զորությունից գետի ջրերը վեր դարձան»։