Վերջին շրջանում հանրային դժգոհությունը գնալով աճում է՝ կապված հանցավորության ցուցանիշների թռիչքային աճի հետ։ Խիստ հատկանշական է, որ ոստիկանությունը, փոխանակ միջոցներ ձեռնարկի կամ էլ գոնե ընդունի եղելությունը, Օսիպյանի շուրթերով ասում է, որ հանցավորության ցուցանիշների աճի մասին խոսում են նրանք, ովքեր ուզում են ցեխ շպրտել համակարգի վրա։
Գաղտնիք չէ նաև, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ հնարավորինս մինիմումի հասցնի հանցագործությունների ու օրինախախտումների մասին դիմումների թիվն ու դրանց հիման վրա հարուցված գործերի թիվը, որպեսզի էլ ավելի ճչացող վիճակագրություն չլինի։ Նման մի զավեշտալի պատմության մեջ էլ ընկել էր իմ լավ ընկեր Ashot Sargsyanը, ով օրերս հարևանի մեքենայի լուսանկարն էր հրապարակել, որի անիվները տարել էին։ Ընդ որում՝ հարևանը մինչև ոստիկանության խառնվելն ինքն էր ասել, որ անիվները գողացել են, բայց ոստիկանությունը հպարտ տեքստ գրեց, որում մի բան էլ Աշոտին կշտամբեցին, թե բա՝ ինչո՞ւ ես անիմաստ աղմուկ հանում, երբ մեքենայի տերն ինքն է ասում, որ ինքն է անիվները հանել։
Սա դասական ծածկադմփոց է, որովհետև յուրաքանչյուր ողջամիտ մարդ էլ հասկանում է, որ մեքենայի տերը մի շարք տարածված մոտիվներ կարող է ունենալ դիմում չտալու։ Նախ՝ գրեթե անհավանական է, որ նրա անիվները կգտնվեն, երկրորդ՝ չեմ կարող խոսել կոնկրետ մարդու մասին, քանի որ չեմ ճանաչում, բայց մեր հասարակության մի ստվար շերտ կիսագողական արժեքներով է ապրում, ու նման իրավիճակում կարող էր տեղ գտնել նաև «չեմ ուզում գործ տվող դառնալ» մոտիվը։
Ինչևէ, ինձ կմեղադրեն համակարգի վրա ցեխ շպրտելու մեջ, բայց ես ասում եմ, որ երևույթը կրում է համակարգային բնույթ, քանի որ ոստիկանության պասիվությունը, եթե չասենք՝ անգործությունը, աչքի է զարնում բոլոր ոլորտներում՝ ճանապարհային երթևեկություն, բնակարանային ու կենցաղային գողություններ, կողոպուտներ, բռնաբարություններ և սեռական ոտնձգություններ։ Սրան էլ գումարեք քար լռությունը Դուչեի հայտարարած համաներման դերակատարության մասին, ու ստանում ենք ամբողջական պատկեր, որը բնութագրվում է հետևյալ կերպ՝ պետությունը չի պայքարում հանցավորության դեմ։
Այսօր իմ շատ խելացի ընկերներից մեկը մի փայլուն բացատրություն տվեց այդ երևույթին, որը ես ամբողջովին կիսում եմ, թեև կարող եք սա դավադրապաշտություն համարել։ Ուրեմն՝ գիտե՞ք, թե երբ է պետությունը դադարում պայքարել հանցավորության դեմ․ երբ նույն այդ պետությունը պատրաստվում է ոստիկանական ռեպրեսիվ ապարատի անցում իրականացնել, ասել է, թե՝ դիտավորյալ ու արհեստականորեն բարձրացնում են հանցավորության շեմը, որպեսզի հասարակության մոտ գոյանա «ինչ ուզում եք, արեք, միայն թե էս ամենի դեմն առեք» օբյեկտիվ պահանջ։ Հետո արդեն ասպարեզ են վերադառնում Լևոն պապիկի հին ու «բարի» ժամանակների տխուր բարքերը՝ մահվան էսկադրոններով, սպանություններով, կտտանքներով և այլ միջոցներով, որոնցով կտրուկ առնում են ամենաթողությունից արբեցած կազմակերպված հանցավորության դեմը, բայց էդ շուխուրի ներքո նաև լուծում են այդ թվում նաև քաղաքական այլախոհների, ընդդիմադիր լրագրողների ու այլ անցանկալի տարրերի հարցերը։
Բայց և այնպես, ամեն ինչ արդար է, չափազանց արդար է։ Այս որակի ու այս արժեհամակարգով հասարակությունը արժանի չէ այլ բանի, քան 90-ականների արդիականացված իրականության։ Վայելե՛ք, անգամ եթե ձեր մեքենայի անիվներն են տարել կամ էլ վաղը ձեր հարազատին քաղմասում շշի վրա նստեցնեն, որովհետև դուք իրականում հենց սրա համար էիք պայքարում, պարզապես ձեզ դրա մասին չէին ասել։