ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․
«Տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:
Ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք հանգստանալ, ուրախանալ և վայելել տոներն ամբողջությամբ: Մեր բոլոր ուրախությունների մեջ դրոշմվում է հոգսը, ձևը, ներվը:
Ծնունդ, Նոր տարի, կնունք հաճախ վերածվում են նյարդերի կծիկի, որի մեջ խճճվում են «ամեն ինչ հասցնեմ», «փողս քիչ է, պարտք անեմ», «մի բան պակաս չլինի», «բա ընկերներս/բարեկամներս/հարազատներս/այլմոլորակայինները ինչ կմտածեն», «մեքենան որտեղ կանգնացնեմ», «նույն շորը չհագնեմ՝ արդեն տեսել են» և այլ ներվ կրծող, գլխուղեղում խավարասերների խաչասերումից ծնված և այլոց աչքի և խոսքի համար ապրելու գերնպատակից առաջացած բարդույթները:
Նվերը կարող է լինել սիմվոլիկ, փոքր, բայց հոգով և սրտով, սեղանը՝ համեստ, բայց համեղ ու ընտանեկան:
Արհեստականորեն բարդացված, դրսի համար կազմակերպվող, պարտքերով ու ջղայնությամբ համեմված ուրախությունը լիարժեք լինել չի կարող, երջանկության զգացողություն պարգևել չի կարող, խաղաղացնել չի կարող:
Վայելեք կյանքը, ինչպիսին որ կա, եղեք բնական, մերժեք պայմանականություններն ու ձևականությունները, տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:
Հ.Գ. 23.12.2016-ին գրածս, ցավոք, տեղին է նաեւ այսօր։