Գեղամ Նազարյանը իր ֆեյսբուքի էջում գրում է.
«Հեծանիվներով աշխատանքի շտապող երկրում՝ Դանիայում ապրած և աշխատած Տաթևիկ Ռևազյանը, ով Հայաստանում արդեն մի քանի ամիս ղեկավարում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեն և ով դեռ տակավին պարմանուհի է, 13,4 միլիոն դրամով կամ մոտ 28 հազար դոլարով հարկատուներիս հաշվին գնել է 2018թ. արտադրության «Toyota Camry» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենա:
Դեռ մի կողմ, որ մեր հաշվին այդ պաշտոնը զբաղեցնող այս աղջիկն անցած ամիսների ընթացքում քաղավիացիայի ոլորտում գրեթե ոչինչ չի արել: Պարզապես հարց է առաջանում, թե ի՞նչ է լինում, որ գայթակղությանը չեն դիմանում անգամ արևմուտքում մեծացածները:
Իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ ավտոմեքենան գնել են այն ընկերությունից, որի սեփականատիրոջը կալանավորել են՝ ակնկալելով, որ նա ցուցմունք կտա երկրորդ նախագահի դեմ: Ամեն դեպքում, երևանյան սրճարաններում այդ մասին համառ խոսակցություններ են պտտվում: Ցավալի է, բայց զավեշտների շարքը մեր երկրում շարունակվում է:
Ցուցադրում են նախկին իշխանությունների ժամանակ ձեռք բերված «Իսկանդերը», ասում են, թե բա՝ նոր Հայաստան, Գերմանիայի կանցլերին զբոսանքի են տանում Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կառուցված Հյուսիսային պողոտայում, ասում, թե բա՝ նոր Հայաստան և անգամ չեն հիշում, որ նույն Անգելա Մերկելը Հայաստան է եկել նախկին իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, չինական արտադրության շտապ օգնության ավտոմեքենաները ցուցադրում են, թե բա՝ նոր Հայաստան ու կրկին մոռանում ասել, թե որ իշխանության ջանքերով են այդ ավտոմեքենաները հասել Հայաստան: Թվարկումը կարող ենք շարունակել ու շարունակել, բայց ի վերջո ինչ-որ մեկը կասի՞, թե Ռևազյանի աշխատանքին ինչպե՞ս է նպաստելու 2018թ. արտադրության շքեղ ավտոմեքենան»: