«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունների գրեթե անընդհատ հոսքը միանշանակորեն կարելի է գնահատել որպես հատկապես մեր հասարակությանը թիրախավորող քարոզչական հարձակում և մասնակիորեն նաև միջազգային հանրության վրա դրական տպավորություն թողնելու փորձ, որը միտված է անհանգստություն սերմանելու մեզանում և կեղծ խաղաղասիրական ուղերձներ հղելու աշխարհին։
Կարծում եմ՝ Բաքվում ենթադրում են, որ այս պահին հիմնականում ներքաղաքական խնդիրներով զբաղված Հայաստանը առայժմ ի զորու չէ համարժեք կերպով արձագանքել նման գործելաոճին, մինչդեռ, ըստ իս, մեր քայլերը կարող են և պետք է լինեն բոլորովին անզուգաչափ և անսպասելի՝ օգտագործելով մեր բոլոր առավելությունները և Բաքվի վարչակարգի ամենախոցելի կետերը։
Պարզեցված դիտարկելիս, ցանկացած պետություն բաղկացած է իշխանությունից և լայն հասարակությունից, իսկ Ադրբեջանի պարագայում, գաղտնիք չէ, որ կա հսկայական անջրպետ այդ երկու բաղադրիչների միջև, ինչից բխում է, որ մեր շահերն առաջ տանելու և Բաքվի վարչակարգին զսպելու նպատակով չափազանց արդյունավետ կարող է լինել հայաստանյան տարբեր մակարդակների պաշտոնյաների կողմից ադրբեջանական հասարակության զանազան դժգոհ շերտերի (տեղաբնիկ ժողովուրդներ, արևմտամետ երիտասարդություն, ազատական ընդդիմություն, շիայական ընդդիմություն, քաղհասարակության կառույցներ և այլն) վրա ուղիղ քարոզչական ազդեցություն գործադրելը։
Այսինքն, Հայաստանը, որպես ժողովրդավարական երկիր, ըստ էության, այլևս իրավունք ունի ոչ միայն քննադատելու Բաքվի բռնապետական վարչակարգը, այլ նաև ուղիղ աշխատելու դրա վարած քաղաքականության արդյունքում տուժող ադրբեջանական հասարակության տարբեր խավերի հետ»։