Վերջին երկու տարիներին մեր ու «Ելք» դաշինքի միջև գոյություն ունեցող ամենամեծ կոնֆլիկտը կապված է եղել Ռուսաստանի և հայ-ռուսական փոխհարաբերությունների հետ։
Նիկոլ Փաշինյանին ու մյուս պատգամավորներին պարբերաբար զգուշացրել ենք, որ հակառուսական անհեռանկար քաղաքականության պատճառով նրանք վտանգում են Հայաստանի ազգային անվտանգությունը։ Նույնիսկ մի հոդված էլ ունեմ գրած, որը կտեղադրեմ մեկնաբանություններում։
Այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչները հեգնում էին՝ պնդելով, թե մենք ռուսաֆիլներ ենք, Մոսկվայի ստրուկներն ենք ու դեմ ենք ՀՀ-ի ինքնիշխանությանը։
Բայց կյանքը ցույց տվեց, որ իշխանություն դարձած նախկին ընդդիմադիրները իրենց ռուսաֆիլությամբ գերազանցում են բոլոր հին ռուսաֆիլներին, իսկ Հայաստանն էլ պատասխան է տալիս նրանց անհեռանկար ու չհաշվարկված հակառուսական քաղաքականության համար։
ՌԴ արտգործ նախարար Լավրովի կոշտ հռետորաբանությունն ու նախատեսվող աբսուրդային պայմանագիրը ասվածի վառ ապացույցներն են։
Խնդիրն այն է, որ Մոսկվան չի կարողանում մարսել անցյալում Փաշինյանի ու նրա զինակիցների հակառուսական կոշտ կեցվածքն ու չի վստահում ներկայիս կառավարությանը։
Որքան էլ վարչապետը հավատարմության ու անփոփոխ սիրո խոսքեր ասի, միևնույնն է, Ռուսաստանը չի վստահում ու ռեալ վտանգ է զգում իր ազգային անվտանգության համար։
Սա ապացույցն է այն բանի, որ այսուհետ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը չպետք Է տարվեն անհեռանկար պոպուլիզմով։ Չէ՞ որ ինչ-որ մի օր նրանք կարող են իշխանության գալ ու հետո ամեն կերպ փորձելու են սրբագրել անցյալի սխալները՝ պետությունը զերծ պահելով արկածախնդրությունից ու տարատեսակ սպառնալիքներից։