Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Օրեր առաջ Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել հերթական փոքր ՀԷԿ-ը, որտեղ մշտական աշխատանքի ընդունվեցին 23 երիտասարդներ՝ Մարտակերտի շրջանի Հաթերք եւ Գետավան համայնքներից: Ասել է թե՝ կայուն եկամտով ապահովվեցին ևս 23 երիտասարդ ընտանիքներ, ովքեր շարունակելու են շենացնել մեր երկիրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դառնալ նրա հուսալի պաշտպանները…
Հայրենակիցնե ՛ր, գրառումս պարզապես լավ նորության փոխանցում չէ, այլ բովանդակում է իմ տեսլականը Արցախի զարգացման վերաբերյալ: Իմ աշխատանքի ընթացքում միշտ առաջնորդվել եմ այն համոզմունքով, որ գեղեցիկ ու շռայլ խոսքերով եւ խոստումներով երբեք հնարավոր չէ բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը կամ հայրենիքը դարձնել ուժեղ եւ պաշտպանված: Եվ հազար փառք մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր երկիրը փոխելու համար գերադասում են «ճամփա շինել… »:
Բայց քանի որ կրկին անդրադարձա հեդրոէներգետիկային, ուզում եմ ձեզ հետ կիսվել նաեւ այս ուղղությամբ իրականացվող մեր պետական քաղաքականությամբ և, ընդհանրապես, կանաչ էներգիայի վերաբերյալ աշխարհում գոյություն ունեցող միտումներով: Առիթ եմ ունեցել նշելու, որ եվրոպական երկրները ներկայում հստակ քաղաքականություն են իրականացնում առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում աստիճանաբար ածխաջրածնային շարժիչային վառելիքներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ) հրաժարվելու նպատակով եւ որպես այլընտրանք՝ տարեցտարի մեծացնում են կանաչ էներգիայի արտադրության ծավալները: Գնահատելով այս առումով մեր երկրի ունեցած էներգետիկ ներուժը՝ շաբաթներ առաջ հայտարարել եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մինչեւ 1 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն կունենանք: Եվ դա պետք է անենք ոչ միայն էլեկտրաէներգիայի ավելցուկը արտահանելու, այլեւ ածխաջրածնային շարժիչային վառելիքներից ամբողջությամբ հրաժարվելու նպատակով: Եվ այսօր ուզում եմ հայտարարել, որ առաջիկա մոտ երեք տասնամյակների ընթացքում մեր երկիրը եւս լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք, սեղմված բնական գազ), եւ տրանսպորտային միջոցները կշահագործվեն միայն էլեկտրաէներգիայով: Ու դրան հասնելու համար պետք է հավատ եւ վստահություն, ինչպես եղավ Արցախը էներգետիկ առումով ինքնաբավ դարձնելու ծրագիրն իրագործելիս: (Տասը տարի առաջ էլ թերահավատների պակաս չկար…):
Արդյունքում մենք կախված չենք լինի դրսի էներգակիրներից, եւ միջազգային շուկայում պարբերաբար արձանագրվող նավթի եւ գազի գների տատանումները բացասաբար չեն ազդի մեր բնակչության եւ տնտեսության ֆինանսական ռեսուրսների վրա:
Ի դեպ, տեղին եմ համարում խոսել նաև մի մտահոգության մասին, որը կապված է մեր երկրում հիդրոէներգետիկայի զարգացմանը զուգահեռ՝ բնապահպանական հնարավոր խնդրիների հետ: Այստեղ, միանշանակ, անհրաժեշտ է լինել անզիջում եւ խնդիրները կանխարգելել կամ նվազագույնի հասցնել՝ մեծացնելով վերահսկողական մեխանիզմները: Մարդկային գործոնի ազդեցությունը սեփական բնաշխարհի եւ բարիքների նկատմամբ պետք է պայմանավորված լինի ոչ միայն քաղվող արդյունքով, այլ նաեւ այն իրողությամբ, թե ինչպիսի երկիր ենք ժառանգություն թողնելու մեր սերունդներին»: