ՀՀ քաղաքացին իր պայքարն ավարտեց: Հերթը հաղթողինն է:
Շատ հետաքրքիր ընտրություններ էին. ՀՀ քաղաքացիներն իրենց դիրքորոշմամբ լիքը բան փաստեցին:
Օրինակ, ընտրությանը մասնակցածներն իրենց կատարած ընտրությամբ ցույց տվեցին, որ գոնե մոտակա տարիների համար Հայաստանի քաղաքական օրակարգում առաջնային չեն համարում Արցախի, անվտանգության, ավանդական արժեքների և նմանատիպ հարցեր, որոնք մոտ երեք տասնամյակ բնականոն կամ արհեստական ձևով բերվում էին քաղաքական դաշտ:
Ընտրողները նաև փաստեցին, որ տարիներով քաղաքական օրակարգի առաջին հորիզոնականները զբաղեցնող «կայունություն» երևույթն էլ այլևս չունի քաղաքական հնչեղություն և սոցիալական գրավչություն, այն պարզ պատճառով, որ տասնամյակներով շարունակվող «կայուն վատը» էլ հետաքրքիր չի:
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրողների մոտ կեսը պատրաստ է հրաժարվել կայուն և կանխատեսելի վատ ապրելակերպից հօգուտ ռիսկային, բայց հնարավոր բարեփոխումների:
Եվ ինչպես միշտ տեղի է ունենում ժողովրդավարական համակարգերում, ակտիվ փոքրամասնությունն իր կարգը հաստատեց պասիվ մեծամասնության նկատմամբ: