Թուրքագետ որդիս՝ Արգամը, պարբերաբար թուրքական հեռուստահաղորդումներ է դիտում՝ մասնագիտության լեզվին ավելի վարժ տիրապետելու համար։
Երեկ, երբ տնից պետք է դուրս գայի՝ էկրանից լսեցի «էրմենիլեր» բառը։ Անտարբեր չմնացի, նայեցի տեսա, որ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի պես խաղ էր եթերում։ Որդուս հարցնում եմ, ասում է, որ հարցը հետևյալն է. Ո՞ր ազգի հետ է ամենից խաղաղն ապրել թուրք ազգը։ Պարզվում է, որ 4 պատասխաններից մեկը «հայերի»-ն էր։
Ավելին՝ պարզվեց, որ դա ճիշտ պատասխանն էր ...
Էլ ավելին. խաղացողը «ճիշտ» պատասխանը հնչեցրեց ...
Սկզբում զարմացա, բայց հետո մտածեցի, ու հասկացա, որ իրոք ճիշտ էր պատասխանը ...
Ասեմ ինչու։ Ոչ թե նրա համար, որ ներդաշնակ հայերն ու թուրքերն ապրել են իրար հետ, այլ՝ որ Հայկական Լեռնաշխարհում թուրքական՝ օսմանյան տիրապետության վերջնական հաստատումից հետո, 15-րդ դարից ի վեր, մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը, մինչև 1862 թվականի Զեյթունի ապստամբությունը ... ոչ մի հիշատակելի դիմադրություն, ազգային-ազատագրական պայքար, անկախանալու փորձ չենք ունեցել՝ ի տարբերություն նույն կայսրության մեջ մտնող այլ ազգերի, հույների, սերբերի, մակեդոնացիների, բուլղարացիների և այլն։ Հլու հնազանդ «ռայա» ենք եղել ...
Դրա համար թուրք «գիտակն» այդպիսի պատասխան տվեց ...
Տա աստված, որ մեր ազգի ապագա գրվելիք պատմության մեջ նման կերպ «խաղաղ» ժողովրդի անուն չթողենք։ Հենց մեր մասին այդ «խաղաղասեր» լինելու գնահատականն էլ նրանց մղեց մեզ, որպես տեսակ՝ հանգիստ ցեղասպանելու ոճրագործությանը։
Բաշ-Ապարանի ու Սարդարապատի հերոսապատման հիման վրա դաստիարակված սերունդն էլ դարձավ Արցախյան Ազատամարտի կերտողն ու մեր մասին թյուրքերի պատկերացման ժամանակակից կարծիքի փոփոխման հիմքը։ Բարեբախտաբար։ Փառք ու պատիվ այն քաջազն հայորդիներին, որոնք, հավատարիմ հողին ու հային՝ պահեցին ազգի պատիվն ու ֆիզիկական գոյությունը։
-----------------------------------------------
Ի լրումն՝ Հ.Գ. Որդիս այս գրառումս կարդաց ու մի փոքր շտկեց։ Իր գրառումը մեկնաբանության դաշտում է։ Ես ավելի մեղմ էի հարցը գրել։ Պարզվում է մեզ համարում են, որ եղել ենք հավատարիմ ժողովուրդ ...
Այ թե ինչով է ավարտվում այլ ազգին հավատարմությունը, այլ ոչ՝ սեփական բազկին ապավինելը ...