ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ծառայակից ընկերների հետ լուսանկարներ, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը․
«Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են:
Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին:
Անկասկած, պատերազմի տարիները Արցախում անցկացրած հասակակիցներս կհամաձայնեն ինձ հետ, որ բոլորս երազում էինք մի օր կրել զինվորական համազգեստ և մասնակցել մարտերին:
Հիշում եմ, թե ինչպիսի ամոթանքների էին արժանանում այն չափահաս տղաները, ովքեր խուսափում էին մարտի գնալուց:
Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա:
Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր:
Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ:
Ինչպես ծառայությունից առաջ այնպես էլ հետո և մինչև հիմա զբաղվում եմ սպորտով, սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմամբ: Կարծում եմ երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածությունը բանակի մարտունակության կարևորագույն բաղադրիչներից է:
Միշտ հպարտ եմ զգացել ինձ հորս անցած ճանապարհի, պատերազմին մասնակցելու և առանցքային դերակատարություն ունենալու համար և ինքս էլ պատրաստ եմ ծառայել հայրենիքիս:
Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև ովքեր իրենց կյանքը զոհաբերել կամ վտանգի տակ են դրել հայրենիքի պաշտպանության համար:
Խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորին»: